ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ շարունակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու պետական աջակցության ծրագիրը։ Նշվում է, որ հավաստագիր ստացածներից 1237-ն արդեն իսկ իրացրել է հավաստագիրը։
«Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է:
Ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3323 ընտանիք (13308 անձ), որից 1237-ն (5333 անձ) արդեն իրացրել են հավաստագիրը։
Նախարարությունից հիշեցնում են, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
– բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
– անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
– գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։
Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝
– տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո.
– ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
– չունեն սեփականություն.
– չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու»,- ասված է հաղորդագրությունում։