Բարձր ենք գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանն աջակցող դիրքորոշումը. Միրզոյան

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Ալի բին Մուհամմադ ալ Շահրանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023 թվականի նոյեմբերին էր, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ, և դա զուտ ֆորմալ հարաբերությունների հաստատում չէր. մենք հիմք դրեցինք ջերմ հարաբերությունների»:

Ողջունելով այցը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցության ներուժի առավելագույն իրագործումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:

Ալի բին Մուհամմադ ալ Շահրանին շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայից Հայաստան այս առաջին պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար՝ վստահություն հայտնելով, որ այն իր ներդրումը կունենա երկու երկրների միջև համագործակցության և բարեկամության զարգացման գործում:

Զրուցակիցներն ընդգծել են կոնկրետ ծրագրերի իրականացման հարցում երկուստեք առկա հետաքրքրությունն, այդ թվում՝ մարդկանց միջև շփումների ու զբոսաշրջության, գործարար կապերի խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանն աջակցող դիրքորոշումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն