Փաշինյանն արձագանքում է 44-օրյայի ժամանակ տեխնիկայի կորուստների վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտվանից ֆեյսբուքյան գրառումներով անդարադառնում է երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, որոնք հիմնականում վերաբերում են 44-օրյա պատերազմին ու ԶՈՒ սպառազինությանը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմը երկու հիմնական պատճառ ունեին․

«44-օրյա պատերազմի առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը, երկրորդ՝ բանակցողները ինչ որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին, այս երկուսը բերեց նրան, որ բանակցային գործընթացը դադարեց։ […] Տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը, պատերազմ սկսելու նախաձեռնությունը։ Ադրբեջանի և Թուրքիայի հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին և տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավական ընկել էր։ Այս երեք պատճառներն էին, որ սկսվեցին ռազմական գործողությունները: Արդյոք դա անխուսափելի էր, միանշանակ՝ ոչ, անխուսափելի չէր, այդպիսի արդյունքը կանխատեսելի էր, թե՞ ոչ, ապա մինչև 2018 թվականը միանշանակ կանխատեսելի չէր»,- հայտարարել է Սարգսյան փոդքասթի ընթացքում։

Սերժ Սարգսյան անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՕՊ համակարգի գործունեությանը, նշել էր․ «զարմանում եմ. ինչպե՞ս էր հնարավոր պատերազմի մի քանի ժամում կորցնել ՀՕՊ միջոցների կեսը: Դա անհնար էր, անհնար»,

Նա նաև նշել էր, որ պատերազմի սկսելուց հետո պետք է կիրառվեին մեծ վնաս հասցնող այն հզոր սպառազինությունները, որոնք ՀՀ Զինված ուժերում առկա էին:

Այսօր Սարգսյանի հայտարարություններին է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով՝ 44-օրյա պատերազմը կանխելու համար հարկավոր էր մի բան, «որպեսզի մենք Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնեինք Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային լեգիտիմությանը»։

«Իսկ դա գործնականում անհնար էր, ինչու, որովհետև 90-ականների սկզբից Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը և Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությունն իրարից հեռացել էին և ճեղք էր առաջացել այդ պատկերացումների միջև: Այդ պատկերացումները համապատասխանեցնելը եթե տեսականորեն հնարավոր էր, գործնականում անհնար էր, որովհտեև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի, ուրիշ որևէ տարբերակ չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18, 19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն էր, որ ես դա չեմ արել», – ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է 44-օրյայի ժամանակ ՀՕՊ-ի կորստի մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ ասելով, թե նախկին իշխանության թողած ՀՕՊ համակարգը [ոչ թե առանձին, այլ ընդհանուր վերցրած] «մետալալոմ» է եղել. «Իսկ դաշնակիցները մեզ երեք մատի կոմբինացիա էին ցույց տալիս դրանք նորացնելու հայցերին ի պատասխան (ձեզ էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տվել, հակառակ դեպքում 2018 թվականի դրությամբ մետալալոմի փոխարեն այլ բան առկա կլիներ)»,- նշել է Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն