Քրեական ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած միջազգային հետախուզվողին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանության տարածած հայտարարությունից։
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Միացյալ Նահանգներում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը թաքնվում է Հայաստանում:
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս 2024 թվականին` Տեխաս նահանգի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանցագործություն կատարելու մեղադրանքով: Այս տարվա օգոստոսի 5-ին ԱՄՆ իրավապահների կողմից տղամարդու նկատմամբ հայտարարվել էր արդեն միջազգային հետախուզում:
Հայաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները, ակտիվ համագործակցելով ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության հետ, ձեռնամուխ եղան հետախուզվողին հայտնաբերելու գործին: Պարզվեց հետախուզվողի թաքնվելու վերջին վայրը, և որոնողական աշխատանքներին ներգրավվեցին նաև Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները:
Նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկում հետախուզվողը հայտնաբերվեց և ձերբակալվեց:
Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Ինտերպոլին և Դատախազությանը», – նշված է հայտարարությունում։