Գյումրիի համայնքապետի նկատմամբ ընթանում է սպանության նախապատրաստություն. Զարուհի Փոստանջյան

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընթանում է սպանության նախապատրաստություն, այս մասին երեկ հայտարարել է համայնքապետի պաշտպան Զարուհի Փոստանջյանը նշելով, որ նոյեմբերի 6-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված Վարդան Ղուկասյանի նկատմամբ «իրականացվել է կյանքի համար վճռորոշ բժշկական միջամտություն՝ կորոնարոգրաֆիա»։

«Բժշկական այդ բարդ միջամտությունից հետո պարոն Ղուկասյանը շարունակել է գտնվել հիվանդանոցում՝ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն։ Սակայն հաջորդ օրը՝ 2025 թվականի նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան, քրեակատարողական ծառայության մի խումբ աշխատակիցներ, ժամանելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հայտնել են պարոն Ղուկասյանին, թե իբր նա այլևս բուժման կարիք չունի և պետք է նրան տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։
Վարդան Ղուկասյանին քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել ոչ թե շտապօգնության, այլ ճաղավանդակներով փակված ոստիկանական մեքենայով, անմարդկային պայմաններում։ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չկան այն մասնագետները՝ սրտաբան և էնդոկրինոլոգ, ովքեր կարող են վերահսկել պարոն Ղուկասյանի հիվանդության ընթացքը։ Այնուամենայնիվ, ինչպես քրեակատարողական ծառայությունը, այնպես էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը լիովին տեղեկացված են նրա առողջական վիճակի և ախտորոշման մասին։
Բժշկական փաստաթղթերի իմ ուսումնասիրությունը, ինչպես նաև պարոն Ղուկասյանի հետ իմ անձնական տեսակցությունը, հստակ ցույց են տալիս, որ նա ունի անհապաղ և մասնագիտացված բուժման անհրաժեշտություն։ Այնուամենայնիվ, այս բուժումը համակարգված կերպով մերժվում է։
Այսօր՝ 2025 թվականի նոյեմբերի 8-ին, մերժվել է նույնիսկ պարոն Ղուկասյանի անձնական բժշկի մուտքը քրեակատարողական հիմնարկ՝ նրան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Արդյունքում, Վարդան Ղուկասյանը արդեն 48 ժամ զրկված է պահանջված և անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու իր իրավունքից։
Սիրելի հայրենակիցներ, մտահոգ և ազատ կամքի տեր մարդիկ,
Որպես այս անմարդկային վերաբերմունքի դեմ բողոքի նշան՝ վաղը՝ 2025 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 13։00-ին, ես կլինեմ Երևանում՝ Նալբանդյան փողոցում, որպեսզի այցելեմ քրեակատարողական հիմնարկում պահվող Վարդան Ղուկասյանին և հրապարակայնորեն արտահայտեմ իմ բողոքը նրա նկատմամբ իրականացվող ֆիզիկական և բարոյական ճնշումների դեմ։
Հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ ամենամեծ քաղաքի օրինականորեն ընտրված ընդդիմադիր քաղաքապետը ենթարկվում է անմարդկային, ապօրինի և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված վերաբերմունքի։
Ակնհայտ է, որ պարոն Ղուկասյանի դեմ հարուցված քրեական վարույթը և նրա նկատմամբ կիրառված կալանքը հետապնդում են ոչ թե արդարադատության, այլ քաղաքական հաշվեհարդարի նպատակ։ Դրանք ուղղված են ոչ միայն նրան քաղաքական կյանքից մեկուսացնելուն, այլև՝ զրկելուն իր հիմնական՝ կյանքի իրավունքից։
ՀՀ կառավարությունը՝ ի դեմս քրեակատարողական ծառայության ղեկավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի, ով հրապարակային կերպով հնչեցրել է սպառնալիքներ պարոն Ղուկասյանի հասցեին, առնվազն 2025 թվականի նոյեմբերի 6-ից սկսած՝ լիովին տեղեկացված է նրա լուրջ առողջական խնդիրների մասին։ Այդ խնդիրները պահանջում են անհապաղ բուժում մասնագիտացված բժշկական կենտրոնում, սակայն իշխանությունները շարունակում են անգործությունը։
Նիկոլ Փաշինյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի հայտնի քաղաքական կոչից անմիջապես հետո մեկնարկել է մեկ կենտրոնից համակարգվող, անմարդկային, նվաստացնող և մարդու կյանքին սպառնացող գործողությունների շղթա Վարդան Ղուկասյանի նկատմամբ։
Այլ կերպ ասած՝ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործն ու նրա կալանավորումը չեն բխում օրենքի պահանջներից, այլ ծառայում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակներին՝ Վարդան Ղուկասյանին զրկելու թե՛ քաղաքական գործունեությունից, թե՛ կյանքից։
Չեմ սխալվի, եթե հայտարարեմ, որ այսօր Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընթանում է սպանության նախապատրաստություն։
Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության նկատմամբ առկա վտանգը ոչ միայն մարդկային, այլև պետական պատասխանատվության հարց է։
Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ արձագանքել: Պահանջում եմ պահպանել և երաշխավորել Վարդան Ղուկասյանի կյանքի, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը», – նշված է պաշտպանի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, որի պատճառով նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն