Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր հռչակելու մասին բանաձևը

Նոյեմբերի 8-ին Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված՝ Փոքր կղզի զարգացող պետությունների (ՓԿԶՊ) միջազգային օր հռչակելու մասին բանաձևը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՓԿԶՊ միջազգային օր սահմանելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությանը սատարել և համահեղինակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շուրջ 130 անդամ պետություն։

Բանաձևն ընդգծում է Փոքր կղզի զարգացող պետությունների խոցելիությունները և դրանց նկատմամբ միջազգային ուշադրության, համերաշխության և աջակցության անհրաժեշտությունը։ Փաստաթղթով ապրիլի 25-ը սահմանվում է որպես ՓԿԶՊ միջազգային օր։

Բանաձևի ընդունման կապակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արամ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր կոնֆերանսին և բանաձևի համահեղինակ պետություններին՝ փաստաթղթին միաձայն աջակցելու համար, ինչպես նաև վերահաստատել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՓԿԶՊ բարեկամների խմբի համահիմնադիր և համանախագահ պետության կարգավիճակում Փոքր կղզիներ զարգացող պետությունների կարիքների հասցեագրման հարցում շարունակական հանձնառությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն