Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Բարեկամության շքանշանակիր Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հնարավորությունները արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել ոլորտային փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և տեխնոլոգիական նորարարությունների խթանման հեռանկարներին։
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են նման ձևաչափով շփումների կարևորությունը՝ երկկողմ հարաբերությունների խորացման և տեխնոլոգիական համագործակցության ամրապնդման տեսանկյունից։