Սիրիան կմիանա «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիային | civilnet.am

civilnet.am Սիրիան կմիանա «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիային, ինչը նշանավորում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության փոփոխությունը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտնել է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, գրում է BBC-ն։

Հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Սպիտակ տանը։ Սա Սիրիայի ղեկավարի առաջին նման այցն է երկրի պատմության մեջ։

Fox News-ին տված հարցազրույցում ալ-Շարաան ասել է, որ այցը «նոր դարաշրջանի» մաս է, որում երկիրը կհամագործակցի ԱՄՆ-ի հետ։ Թրամփն իր աջակցությունն է հայտնել ալ-Շարաային, ով մինչև վերջերս ԱՄՆ կառավարության կողմից ճանաչված էր որպես ահաբեկիչ։

Սիրիան կդառնա ԻՊ-ի դեմ գլոբալ կոալիցիային միացող 90-րդ երկիրը։ Կոալիցիայի նպատակն է վերացնել «Իսլամական պետության» մնացորդները և կանխել օտարերկրյա զինյալների հոսքը Մերձավոր Արևելք։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նաև հաստատել է, որ ԱՄՆ Գանձապետարանը, Պետդեպարտամենտի և Առևտրի նախարարության հետ միասին, կհայտարարի Սիրիայի նկատմամբ տնտեսական սահմանափակումները վերացնող և «ներդրողների համար իրավական պարզություն» ապահովող նոր միջոցառումների մասին։

Այդ միջոցառումների շրջանակում վարչակազմը նաև կկասեցնի «Կեսարի ակտի» գործողությունը 180 օրով։ Այս ակտը 2019 թվականից սանկցիաներ էր սահմանել Սիրիայի նախկին կառավարության դեմ։

«Կեսարի ակտն» իրենից ներկայացնում էր լայնածավալ պատժամիջոցներ նախատեսող օրենք, որն ուղղված էր Սիրիայի նախկին կառավարությանը, մասնավորապես՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմին, սիրիական ժողովրդի դեմ իրականացրած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն։

Օվալաձև աշխատասենյակում հանդիպումից մի քանի ժամ անց լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է.

«Մենք ցանկանում ենք տեսնել, որ Սիրիան դառնա մի երկիր, որը շատ հաջողակ է։ Եվ ես կարծում եմ, որ այս ղեկավարը կարող է դա անել։ Ես իսկապես այդպես եմ կարծում»։

Սիրիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել էին 2012-ից, սակայն այժմ ԱՄՆ-ը թույլ կտա Սիրիային վերաբացել իր դեսպանատունը Վաշինգտոնում։

Սա երկու ղեկավարների երրորդ հանդիպումն էր. նախորդները տեղի էին ունեցել մայիսին՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի շրջանակում և սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ։

Ալ-Շարաան դեռևս ոչ վաղ անցյալում ղեկավարում էր Ալ-Քաիդայի՝ սեպտեմբերի 11-ի հարձակումների հետևում կանգնած խմբավորման մասնաճյուղը։ Մինչև այս տարի նա նաև «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (ՀԹՇ) զինված իսլամիստական խմբավորման առաջնորդն էր, որը դեռ չորս ամիս առաջ ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես համարվում էր ահաբեկչական կազմակերպություն, իսկ նրա գլխի համար 10 մլն դոլար պարգևավճար էր սահմանված։

Գանձապետարանն ալ-Շարաային իր «հատուկ նշանակված գլոբալ ահաբեկիչների ցուցակից» հանեց անցյալ շաբաթ։

Սակայն, Սիրիայի ժամանակավոր նախագահ դառնալուց հետո, ալ-Շարաան աշխատել է մեղմացնել իր հանրային կերպարը, քանի որ փորձում է արտաքին աջակցությամբ վերականգնել Սիրիան 13-ամյա պատերազմից հետո։

«Նա ծանր անցյալ է ունեցել», – ասել է Թրամփը երկուշաբթի օրը։ «Եվ ես, անկեղծ ասած, կարծում եմ, որ եթե ծանր անցյալ չունենայիր, հնարավորություն չէիր ունենա»։

Իր հարցազրույցում ալ-Շարաան ասել է, որ ինքն ու Թրամփը չեն քննարկել իր անցյալը, այլ կենտրոնացել են Սիրիայի «ներկայի և ապագայի» վրա, որում այն Վաշինգտոնի «աշխարհաքաղաքական» և տնտեսական գործընկերն է։

Թրամփն, իր հերթին, բազմիցս իր աջակցությունն է հայտնել ալ-Շարաային՝ նրան անվանելով «երիտասարդ, գրավիչ տղա» և «մարտիկ»։ Հունիսին նախագահ Թրամփը ստորագրել էր գործադիր հրաման՝ վերացնելով Սիրիայի դեմ պատժամիջոցները, ինչը, Սպիտակ տան հայտարարությամբ, կաջակցի երկրի «կայունության և խաղաղության ճանապարհին»։ Այն ժամանակ վարչակազմը հայտարարել էր, որ կհետևի Սիրիայի նոր կառավարության գործողություններին, ներառյալ՝ «Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն» և երկրում գործող «օտարերկրյա ահաբեկիչների» և զինյալ խմբավորումների հարցին լուծում տալուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն