Փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողի շահերը. Սերգեյ Բագրատյան | 1lurer.am

1lurer.am  Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը:

Քննարկվում է ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Նարեկ Ղահրամանյանի՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-6-րդ հոդվածի 15-րդ մասում «29-պատիկը» «55-պատիկ»-ով փոխարինել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը և տարածվում է նրա՝ ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա ստանալու նպատակով ներկայացվող հայտերի մասով ծագած հարաբերությունների նկատմամբ»,- ասաց հիմնական զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ-ում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների, սև մետաղների արտադրության և ներքին առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ:

«Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը, տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման և առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրության խթանմանը, ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը, ինչպես նաև սահմանափակել է սև մետաղից պատրաստված պարզ և ցածր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտահանումը»,- տեղեկացրեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ օրենքի նախագծի նպատակն այն է, որ կարողանանք տեղական արտադրողին պաշտպանել արտաքին ներգործություններից, այսինքն՝ շատ ավելի էժան կարողանում են ներկրել «արմատուրա» ու մետաղական այլ ապրանքներ, օրինակ, հարևան Իրանից, այս օրենքի ընդունումով ցանկանում են այս խնդիրը լուծել:

«Նախկինում 29 հազար դրամ էր տրված, հիմա առաջարկում ենք 55 հազար դրամ՝ 1 տոննայի հաշվարկով, որպեսզի հավասարակշռենք ներմուծվող ապրանքի գինը և արտադրվող ապրանքի գինը»,- ասաց Բագրատյանը՝ պարզաբանելով, որ դրանով իսկ իրականացնում են ազգային արտադրանքի պաշտպանություն:

«Մենք փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողի շահերը: Նպատակը սա է»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նաև տեղեկացրեց, որ Կառավարության գործընկերների հետ քննարկումներում նրանք առաջարկել են 55 հազարի փոխարեն կիրառել 45 հազար պետական տուրք, ապա բացատրեց՝ իրենք ընդունում են նրանց առաջարկը՝ հաշվի չառնել արժույթի տատանումները, որովհետև իրանական արժույթն այս պահին արժեզրկվում է, բայց վաղը, օրինակ, կարող է նորից վերականգնվել:

«Այս իմաստով որոշեցինք, որ 45 հազար դրամը բավարար է և առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կընդունենք Կառավարության առաջարկը»,- հավելեց Բագրատյանը:

Ինչ վերաբերում է պատգամավոր Արման Ղազարյանի մտահոգությանը՝ ներկրողների շահերի հետ կապված, տեղեկացրեց, որ ներդրողների հետ նախագիծը քննարկվել է, նրանք համաձայնել են, որ մինչև 55 հազար դրամը կարող են մրցակցել:

«Եթե Կառավարության առաջարկը ընդունենք և 45 հազար կիրառենք, ներկրողների համար ավելի ձեռնտու կլինի: Մենք փորձել ենք պաշտպանել տեղական արտադրողին: Իհարկե, սա չի նշանակում, որ դա պետք է միշտ լինի»,- ասաց Բագրատյանը՝ պարզաբանելով՝ երկարատև պրոտեկցիոնիզմ չեն կիրառելու:

Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ այն նաև վերաբերում է միջանկյալ արտադրանք արտադրող ընկերություններին, որոնք կիսաֆաբրիկատ են վաճառում վերջնական արտադրանք արտադրողներին, ինչպես նաև մի քանի հարյուր փոքր ԱՁ-ներին, որոնք, իրենց հերթին, մետաղի ջարդոն են ապահովում թե՛ վերջնական արտադրանք արտադրողների, թե՛ կիսաֆաբրիկատ արտադրողների համար:

«Այս որոշումը չկայացնելու դեպքում կարող է ունենանք մի իրավիճակ, որ տեղական արտադրողները փակվեն, և այդ դեպքում ունենանք աշխատատեղերի կորուստ ու հետագայում ներկրվող ապրանքների գների աճ»,- ասաց Թունյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն