«Գիտուժ» նախաձեռնության անդամները հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել «Գիտուժ» նախաձեռնության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ նախագահ Արամ Ջիվանյանը և ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը։ 

Հանդիպման նպատակն էր ներկայացնել Հայաստանի կարիքներից բխող հետազոտությունների և մշակումների (ՀևՄ / R&D) համակարգի զարգացման վերաբերյալ Գիտուժի դիտարկումները և առաջարկությունները՝ ուղղված Հայաստանի մրցունակության, տնտեսական և անվտանգային կարողությունների ամրապնդմանը։

«Գիտուժ» նախաձեռնության համար այս օրակարգը հիմնարար նշանակություն ունի։ Իր սկզբնավորման օրվանից սկսած նախաձեռնությունը հետևողականորեն բարձրաձայնել է, որ Հայաստանի կայուն ու շարունակական անվտանգությունն ու տնտեսական զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունը ձևավորում է նպատակային և համապարփակ ՀևՄ համակարգ, և ներդրումները գիտության ու տեխնոլոգիական զարգացման մեջ հասնում են ՀՆԱ-ի առնվազն 1%-ին։ Սակայն այդ ներդրումները պետք է ուղղվեն ոչ թե առանձին ու պատահական ծրագրերի, այլ պետության կարիքներից բխող կիրառական նախագծերի և դրանց շուրջ կարողությունների զարգացմանը՝ ապահովելով համակարգային շարունակականություն և արդյունք։

Քննարկվել են հետևյալ առանցքային հարցերը․

  • Ակադեմիական, տնտեսական և անվտանգային ՀևՄ համակարգում գործող մեխանիզմները և դրանցում առկա ինստիտուցիոնալ բացերը, որոնք խոչընդոտում են պետության տնտեսական և անվտանգային նպատակներին համապատասխան կիրառական հետազոտությունների և մշակումների զարգացմանը, այդ թվում նաև ակադեմիական գիտության գերակայությունների սահմանմանը՝ պետության տնտեսական և անվտանգային առաջնահերթություններին համահունչ։ 
  • Պետական ՀևՄ պատվերի ռազմավարական և միասնական շրջանակի ձևավորման անհրաժեշտությունը՝ որպես ՀևՄ երեք (ակադեմիական, տնտեսական և անվտանգային) ուղղությունները փոխկապակցելու, առկա բացերը լրացնելու և կիրառական կարողությունների շարունակական զարգացումն ապահովող ճանապարհ։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն մեկնարկել ՀևՄ պետական պատվերը համակարգող հատուկ մեխանիզմի ստեղծման աշխատանքները։ Մասնավորապես, վարչապետը նշանակել է կառավարության կողմից պատասխանատու և հանձնարարել է իրականացնել հետազոտություն՝ Հայաստանի համար ՀևՄ պետական պատվերի առավել արդյունավետ մոդելն ու դրա ներդրման գործնական քայլերը սահմանելու նպատակով։

«Գիտուժ» նախաձեռնությունը, հավատարիմ մնալով իր առաքելությանը և արժեքներին, հետևողական է լինելու այս պայմանավորվածությունների իրականացման գործում և շարունակելու է իր մասնագիտական աջակցությունն ու շարունակական աշխատանքը պետական կառույցների հետ՝ Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ռազմավարական կարողությունների զարգացման նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն