Կասեցվել է «Պրեմիում»-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի, գազավորված զովացուցիչ ըմպելիքների և տոմատի հյութի արտադրամասում (ք. Երևան, Գալշոյան փ.) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։

Մասնավորապես՝

չի ապահովվել արտադրական շինություններ կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը.

արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները` արտադրամասը և փաթեթավորման սրահը նույն տարածքում են.

սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի արտադրական շինության տարածք.

արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով.

սննդամթերքի պատրաստման տարածքի պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.

առաստաղի որոշ հատվածներում առկա են եղել անհարթություններ, օդորակչի մոտ՝ դեպի դուրս բացվածքներ, որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել.

դարակաշարերը և սեղանները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, եղել են կոռոզիայի հետքեր.

սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն