44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակից Սենիկ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման տալը ճիշտ չէր։
Հովհաննիսյանը մեկն է այն ոստիկաններից, որն այդ օրն այդ խաչմերուկում ծառայություն է իրականացրել եւ այդտեղ գտնվող անձանց, այդ թվում՝ Մեղրու զորամասի ինժեներասակրավորական անձնակազմին, հորդորել է պատսպարվել, քանի որ անձամբ է երկնքում տեսել հակառակորդի անօդաչու թռչող սարքը։
Հենց այդ ԱԹՍ-ն է, որ երթը շարունակելուց րոպեներ անց հարվածել է ԻՍՎ անձնակազմի Ուրալին։ Դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական ծանր վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ԻՍՎ ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Հարություն Օհանյանը։
Կատարվածի համար մեղադրյալի աթոռին է երթը շարունակելու հրամանը տված սպա փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Վկաների հարցաքննությունների միջոցով դատարանը փորձում է պարզել՝ ԱԹՍ-ն ե՛ւ տեսանելի, ե՛ւ լսելի՞ էր, հրամանը տալու պահին ձայնը դեռ լսվո՞ւմ էր, հնարավո՞ր էր այն չլսել, եւ առհասարակ, ի՞նչ էր պետք անել օդային հարձակման այդպիսի վտանգի դեպքում։

Ըստ Սենիկ հովհաննիսյանի՝ ԱԹՍ-ն պարբերաբար մոտենում-հեռվանում էր
Վկա Սենիկ Հովհաննիսյանը պատմեց, որ տվյալ օրը Իշխանաձորի խաչմերուկում ԱԹՍ-ն հայտնվել է նախքան ԻՍՎ անձնակազմի Ուրալի ժամանելը։ Ինքը, որպես տեղում կարգուկանոնը պահպանող ծառայող, հորդորել է քաղաքացիներին մտնել թաքստոցներ։ Երբ Ուրալը ժամանել է, կանգնեցրել է, ավագին տեղեկացրել, որ օդում ԱԹՍ է պտտվում, եւ նույնը հորդորել նրանց։ Անձնակազմն իջել է, բացազատվել, որտեղ հնարավոր էր՝ ծառերի տակ, պատերի կողքին, շենքերի ետնամասում։
Ի պատասխան հանրային մեղադրող Հայկ Մարգարյանի հարցին՝ թաքնվելու ընթացքում ձայնը դեռ լսելի՞ էր, վկան ասաց՝ կարելի է ասել՝ ողջ ընթացքում լսվում էր, բայց մոտենում-հեռվանում էր։
Դրանից հետո, ըստ վկայի ցուցմունքի, ժամանել է Պիկապ մեքենան, որի մեջ գտնվել է հրամանատար Անդրանիկ Վերանյանը։ Ինքը մոտ 50 մ հեռու է եղել, խոսակցություն չի լսել, բայց տեսել է, որ դրանից հետո նույն ավագը անձնակազմին կանչել է, որ հավաքվեն ու շարժվեն առաջ։
– Այդ պահին ԱԹՍ-ի ձայնը լսվո՞ւմ էր,- դարձյալ հարց ուղղեց մեղադրողը։
– Լսվում էր։
– Նայե՞լ եք վերեւ, երկնքում կա՞ր։
– Ինչքան հիշում եմ՝ եղել է, բայց չեմ կարող ասել՝ ինչ հեռավորության վրա,- պատասխանեց վկան։
Նրա խոսքով՝ անձնակազմը շարժվել է Ջրականի ուղղությամբ, եւ րոպեներ անց, երբ վերելքն անցել, վերջացրել է, ԱԹՍ-ն հարվածել է։ Նշեց՝ երբ Ուրալը բարձրանում էր, տեսել են, որ ԱԹՍ-ն աստիճանաբար մոտենում է նրան։
Վկայի կարծիքով՝ կարելի էր սպասել, մինչեւ ԱԹՍ-ն հեռանար կամ խոցվեր հայկական ՀՕՊ-ի կողմից։
Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը հարց ուղղեց՝ դիցուք՝ նույն ԱԹՍ-ի պայմաններում զորքը նստում, գնում էր առաջնագիծ, առաջադրանքը կատարում, հետ գալիս, վկան դարձյալ սխա՞լ կհամարեր այդ հրամանը․ «Չեմ կարող պատասխանել այդ հարցին, մեզ միշտ ցուցում է տրվել՝ եթե ԱԹՍ է երեւում, շարժը կանգնացրեք, մեքենաները հանեք երեւացող տեղից»,- ասաց վկան։
Վկան տեսել է զինամթերքի արկղեր, բայց լիքն էին թե ոչ՝ տեղյակ չէ

Իր ցուցմունքում Սենիկ Խաչատրյանը նշեց նաեւ, որ խաչմերուկին մոտ ջրային տնտեսություն կար, որի հարեւանությամբ զինամթերքի արկղեր էին։ Լիքն էին թե ոչ՝ տեղյակ չէր։ Այս հարցը պարբերաբար քննարկման առարկա է դառնում, քանի որ արկղերի լիքը լինելու պարագայում այդ տեղանքն առավել վտանգավոր կհամարվեր օդային հարձակման համար, հետեւաբար կարիք կլիներ զորքն այդտեղ երկար չտեղակայել։
– Ձեզ հայտնի՞ է տեղեկություն, որ Գորիսից Արցախ զենքեր էին բերում,- հարցրեց պաշտպան Նարեկ Գրիգորյանը։
– Տեղյակ էի, որ բերում էին, բայց բերում, էդտեղ էին դատարկում, թե տանում էին միանգամից առաջնագիծ, չեմ կարող ասել։
– Բայց հնարավո՞ր է՝ նման վտանգավոր պահեստ բերեն, տեղակայեն նման բանուկ հատվածում,- հարցրեց դեպքին ականատես ծնող Հարություն Օհանյանը։
– Իմ պատկերացմամբ՝ հնարավոր չէ, մեզ միշտ ցուցում էին տալիս, որ խաչմերուկը ինչքան հնարավոր է, ազատ պահենք։
– Իսկ տեսե՞լ եք՝ այդ պահեստի վրա զենքերով պահակություն անեն։
– էդ տարածքում միշտ էլ զենքերով մարդիկ կային, բայց պահեստի վրա չեմ տեսել,- պատասխանեց վկան։
Արտյոմ Խաչատրյանի ցուցմունքներում էական հակասություններ կային
Դատարանում ժամեր շարունակ հարցաքննվեց նաեւ պատերազմի ժամանակ Մեղրու զորամասի կապի դասակի ծառայող Աբգար Խաչատրյանը։ Վերջինս դեպքի օրը գտնվել է հրամանատար Անդրանիկ Վերանյանի հետ նույն մեքենայում։ Իրենց հետ է եղել նաեւ թիկունքի պետ Արտյոմ Պողոսյանը։

Վկան պատմեց, որ հասել են խաչմերուկ, տեսել են ԻՍՎ անձնակազմի դատարկ Ուրալը, իրենք էլ են մտել ծառի տակ․ այդ ժամանակ ձայնը կամաց-կամաց հեռվանում էր։ Հետո, ըստ նրա, Վերանյանը Տարոն Նիկողոսյանին է երթը շարունակելու հրաման տվել։ Թե ինչ խոսակցություն են ունեցել, անձամբ չի լսել, ընդհանուր ժեստիկուլյացիայից է դա հասկացել։
Ավելի ուշ կողմերը միջնորդեցին հրապարակել վկայի նախաքննության ցուցմունքը, քանի որ այդ թվում այս դրվագի վերաբերյալ նրա խոսքերը հակասում էին իրար։ Նախաքննության ժամանակ վկան հայտնել էր խոսակցության բովանդակությունը, նշել, որ անձնակազմին տեսնելով՝ Վերանյանը Տարոն Նիկողոսյանին հարցրել է՝ ինչու եք կանգնել, նա էլ պատասխանել է, որ ԱԹՍ-ի ձայն են լսել, ապա Վերանյանը հարցրել է՝ հիմա՞ էլ է գալիս, Տարոնն ասել է՝ չէ, որից հետո նոր Վերանյանը երթը շարունակելու հրաման է տվել։ Դատարանը վկային խնդրեց պարզաբանել այս հակասությունը․
– Խոսակցության բովանդակությունը ես հասկացել եմ ժեստերով, իսկ թե Տարոնին ինչ հարց է տրվել, ինչ է պատասխանել, դա արդեն պատկերացրել եմ։ Կարողա բառեր լինեն՝ լսած լինեմ, բայց որ ասեք՝ ես իրենց մոտ եմ եղել եւ անմիջական իմացել եմ՝ ինչ խոսակցություն է եղել, չէ,- ասաց վկան։
Ըստ Խաչատրյանի՝ հրամանը ե՛ւ ճիշտ էր, ե՛ւ սխալ
Աբգար Խաչատրյանի խոսքով՝ դրանից հետո իրենք պտտվել են, գնացել այլ ուղղությամբ, որպեսզի հակատանկայինի անձնակազմին գտնեն։ Ճանապարհին ԱԹՍ-ի ձայնը ուժեղացել է․ «Դռուժբի ձայնի էր նման, մենք մտածեցինք, որ մեր վրա է գալիս, Արտյոմը արագ քշեց, հասանք մի տեղ, ավտոյից ծառերի տակ թռանք, զգացինք, որ մեր վրայից ձայնն անցավ, մի քանի րոպե անց պայթյունի ձայնը լսեցինք մեր ձախ թեւից, ու պատկերացրինք, որ մեր էրեխեքի վրա է գնացել, պտտվեցինք, հետ դարձանք էրեխեքի մոտ, տեսանք՝ մեքենան այրվում է»։
– Նկարագրեք՝ ինչ իրավիճակ էր։
– Էն իրավիճակն է, որ․․․ Անցած անգամ էլ, դրանից առաջ էլ ասել եմ՝ ահավոր իրավիճակ էր․ ոչ կարողանում էինք օգնել, ոչ էլ․․․ էրեխեքը ոնց նստած էին, տենց վառվում էին․․․ Ես Հարութին էի հանգստացնում, դե, էմոցիաներն էին, գոռում էր՝ ինչի նստեցրիր էրեխեքին․․․ Բայց ոչ բառեր կային հանգստացնելու, ոչ էլ․․․

Խաչատրյանը նույնպես հայտնեց, որ ըստ հրահանգավորման՝ օդային հարձակման դեպքում պետք է շարժը կանգնեցնեին եւ պատսպարվեին, միեւնույն ժամանակ նշեց՝ այս դեպքում հրամանը, ըստ նրա, ե՛ւ ճիշտ էր, ե՛ւ սխալ․ «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, չեմ իմանում՝ խի ա ինձ տրվում այդ հարցը․․․ Համ ճիշտ էր, համ սխալ․ ճիշտը էն էր, որ զորքը շուտ հաներ էդտեղից, սխալը էն էր, որ պիտի թողներ՝ մինչեւ վերջ ձայնը կորեր, նոր էդ ժամանակ գնային, հիմա թե որն է հրամանատարը նախընտրել, որն է ավելի ճիշտ համարել․․․»։ Տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանի հարցին ի պատասխան՝ վկան ի վերջո ասաց՝ եթե ինքը լիներ որոշողը, այդ պահին անձնակազմին չէր նստեցնի։
Ի պատասխան պաշտպանի հարցին՝ վկան նշեց, որ արգելել է զենքերով ԱԹՍ-ի ուղղությամբ կրակել․ ըստ նրա՝ նախ իրենց զենքերով չէին կարող խոցել, հետո էլ նպատակահարմար չէր, քանի որ այդպիսով սեփական տեղդ մատնում ես։
Վկայի խոսքով՝ հրամանը տալու պահին ԱԹՍ-ի ձայնը թույլ, բայց կար
Վկայի ցուցմունքի հաջորդ հակասությունը վերաբերում էր ԱԹՍ-ի ձայնը հրամանի պահին լսելի լինել-չլինելուն։
– Քննիչը Ձեզ հարց է տվել՝ հրաման տալու պահին ԱԹՍ-ի ձայն լսել եք, Դուք պատասխանել եք՝ «ոչ, հրաման տալու պահին ԱԹՍ-ի ձայն չի եղել, մանրամասնեմ, որ շատ հեռվում՝ խորքում, որ ուղղության վրա մեր այլ զորքերն էին, լսվում էր»,- գործի նյութերից ընթերցեց մեղադրողը։
– էդ ժամանակ էլ է ձայն եկել, բայց էն ձայնը չէր, որ․․․,- արձագանքեց վկան։
– Քննիչի հաջորդ դիտարկմանը, որ զինվորի հայրը նախաքննության ժամանակ հայտնել է, որ հրաման տալու պահին ԱԹՍ-ի ձայնը դեռեւս լսվում էր, Դուք պատասխանել եք՝ «այդ ժամանակ մոտիկից ԱԹՍ-ի ոչ մի ձայն չեմ լսել, միաժամանակ նշել եք՝ Ջրականում մեր գտնվելու ամբողջ ընթացքում 24 ժամ ԱԹՍ ձայն լսվում էր»։
– Լսվել է, տենց ուժեղ չէ։

– Քննիչը հարցրել է՝ փաստորեն, անձնակազմը հենց այդ էլ արել է (նկատի ունի՝ ինչպես հրահանգավորվել էին,-հեղ․), իջել, բացազատվել, իսկ այդ պայմաններում Վերանյանը հրամայել է նստել, շարունակել երթը։ Պատասխանել եք՝ «չէ, այդպես չի եղել, այդ ժամանակ ԱԹՍ-ի ձայն մոտիկից չի լսվել․ մոտ 10 կմ հեռվում թռչող ձայնը հանգիստ լսվում է, երբ մոտենում է, ձայնը այնքան ուժեղ է, որ նույնիսկ ընթացող մեքենայից է լսվում, իսկ երբ ընթանում է դեպի նշանակետ, շատ ուժեղ դռռոց է լսվում։ Այդ հատվածում, որտեղ ԻՍՎ անձնակազմը ցրված էր, իմ մոտավոր պատկերացմամբ՝ մոտ 400 հոգի մարդ կար, որոնք, խումբ-խումբ հավաքված, կանգնած էին, նրանք թաքնված չեն եղել, եթե ԱԹՍ-ի վտանգ զգային, նրանք եւս պիտի պատսպարվեին։ ԱԹՍ-ն շատ թիրախներ է ունեցել․ այդտեղ էր գտնվում նաեւ հոսպիտալ, պահեստ»․․․ Ի վերջո, պարզ չեղավ՝ եթե 400 հոգին խումբ-խումբ կանգնած էր, միայն ԻՍՎ-ն էր բացազատված ուրեմն՝ վտանգ չի՞ եղել,- հետաքրքրվեց մեղադրողը։
– Նրանց հետեւում խանութներ կային, ծառեր, դրանց տակ էին խումբ-խումբ, ձայնը լսել էին, ցվրվել։
– Ի վերջո, վտանգ կա՞ր։
– Միշտ էլ եղել է։
– Միշտ մի ասեք, այդ իրավիճակում,- միջամտեց դատավոր Լեւոն Պետրոսյանը։
– Հա, կար։
– Որ գնացել եք, տեսել եք՝ անձնակազմը բացազատվել է, ենթադրում եք՝ ինչ-որ մեկը դիտարկել է վտանգը, հրաման տվել։ Եթե ձայնը գալիս-գնում է, հենց հեռացավ, ուրեմն՝ վերջ, վտանգ չկա՞,- հարցրեց դատավորը։
– Դե էդ արդեն պիտի տվյալ իրավիճակում հասկանաս․ եթե զգում ես, որ չկա, շուտ էդտեղից պիտի դուրս գաս։ Էդ պահին, որ մենք կանգնած ենք եղել, թուլացել էր։
– Ձայնի թուլանալը ենթարդում է, որ վտանգը վերացե՞լ է։
– Չէ, ենթադրում է, որ կարելի է շարժվել, բայց վտանգը մնում է վտանգ։
Վկայի պատասխանները զայրացրին տուժողների իրավահաջորդներին։ Հարություն Օհանյանը հայտարարություն արեց՝ հիշեցնելով, որ նախորդ վկան քննիչի մոտ այլ բաներ հայտնել, սակայն խիղճը տանջել էր եւ գնացել, ցուցմունքը ճշգրտել էր։ Դիմելով վկային՝ հարցրեց՝ իր նկատմամբ որեւէ ազդեցություն եղե՞լ է, կամ հնարավո՞ր է՝ ինքը փորձել է ինչ-որ մեկին լավություն անել։ Վկան, սակայն, բացասական պատասխանեց։
Վկաների հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 12-ին։