Թորոսյանը, ներկայացնելով ոչ համադրելի թվեր, պնդում է՝ 2024-ին աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսով

Հայաստանում 2024 թվականին աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով` կազմելով 21.7%` 2023-ի 23.7%-ի համեմատությամբ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական ծառայության տվյալները։

«Ծայրահեղ աղքատության առումով ևս ռեկորդային ցածր ցուցանիշ ունենք 0.6%` 2023-ին գրանցված 1.1%-ի համեմատությամբ. նվազումը` 0.5 տոկոսային կետ: Այսպես, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները»,- գրել է նախարարը։

Ավելի ուշ «Հետք»-ը գրել է, որ նախարարի համեմատությունը մեթոդաբանական առումով սխալ է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հակիրճ զեկույցի տողատակում նշված է, որ 2024 թվականի հաշվարկներում մեթոդաբանական փոփոխություններ են կատարվել, հետևաբար՝ 2024-ի տվյալները համադրելի չեն այս պահին հրապարակված ավելի վաղ տարիների հետ, և առայժմ չենք կարող ասել՝ նախորդ տարվա համեմատ աղքատությունն աճե՞լ, թե՞ նվազել է։

Իհարկե, չի բացառվում, որ վերանայված տվյալներով ևս աղքատության մակարդակի անկում գրանցվի, սակայն Արսեն Թորոսյանը շտապել է և եզրակացրել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները:

Վերնագիրն ու լուրը խմբագրվել են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն