Նորավանի դպրոցի տնօրենը տարբեր հաստիքներում նշանակել է ծանոթ անձանց և հափշտակել գումարները

arm.sputniknews.ru  Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը տարբեր հաստիքներում հրամանագրել է իր ծանոթ անձանց, որոնք ընդհանրապես աշխատանքի չեն եկել, և յուրացրեմլ նրանց աշխատավարձերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 22-ին հայտնի էր դարձելհա, որ ձերբակալվել են Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը, գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։

Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ տնօրենը, 2021-2024թթ․ ընթացքում օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի գումարը, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք։

Կոմիտեի տեղեկություններով՝ դպրոցի տնտեսվարի կողմից կազմված և տնօրենի կողմից հաստատված՝ աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրերի հիման վրա տարբեր անձանց որպես աշխատավարձ փոխանցվել է ընդհանուր շուրջ 2,7 մլն ՀՀ դրամի գումար։

Վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ և 3–րդ կետերով (3 դրվագ) և 445–րդ հոդվածի 1–ին մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած դպրոցի երեք աշխատակիցներին, այդ թվում՝ տնտեսվարին, որի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Պատճառված 2,7 մլն ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։

Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն