«Բայրամովը սխալ է ասում». իշխանականները հակադարձում են Ադրբեջանի ԱԳ նախարարին | azatutyun.am

azatutyun.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հակադարձում են Ադրբեջանի արտգործնախարարին՝ պնդելով, թե Ջեյհուն Բայրամովը ճիշտ չի ասում, երբ հայտարարում է, որ Հայաստանն է հրաժարվել բանակցային գործընթացից և սադրիչ գործողություններով ի վերջո պատերազմ հրահրել:

«Ես համաձայն չեմ նրանց վկայակոչած փաստերի հետ, որովհետև այդ փաստերը ճիշտ չեն», – հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Համաձայն չեմ, որովհետև Հայաստանը ելքեր էր փնտրում հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար», – իր հերթին, ասաց Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն օրերս ծավալուն հարցազրույցում պնդել էր՝ Հայաստանի վարչապետը տապալել է բանակցային գործընթացը՝ առաջարկելով Բաքվին բանակցել Արցախի հետ: Բայրամովը նաև մատնանշել էր, իր բնորոշմամբ, այն «սադրիչ» քայլերը, որոնք հանգեցրին պատերազմի. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունները, 2020-ի հուլիսյան մարտերից հետո զինծառայողների ցուցադրական պարգևատումը և այլն:

«Անմիջապես այդ մարտերից հետո Փաշինյանը ցուցադրաբար պարգևատրեց այդ սադրանքներին մասնակցած զինծառայողներին, այդ թվում նրանց, ովքեր մասնակից էին եղել գեներալ Փոլադ Հաշիմովի սպանությանը», – ասել էր Բայրամովը:

Օրերս իրենց հարցազրույցներում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները նույնպես հայտարարել էին, որ 44-օրյա պատերազմի պատճառներից մեկը Փաշինյանի կողմից բանակցություններից հրաժարվելն էր: Սարգսյանի և Քոչարյանի համոզմամբ՝ Փաշինյանն իր անհեռատես գործողություններով պատերազմ է հրահրել:

Նաև այս հանգամանքը հաշվի առնելով` խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր հատուկ հակադարձում էր ոչ միայն Ջեյհուն Բայրամովին, այլև Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, չմոռանալով նաև առաջին նախագահին:

«Առաջինն, իհարկե, բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը: Մենք տեսանք՝ Տավուշում իրադարձությունները ինչի բերեցին, և պատճառներից մեկն էլ դա էր՝ արդարացուցիչ պատճառներից մեկը դա էր, Ադրբեջանի համար նկատի ունեմ», – մասնավորապես ասել էր Սերժ Սարգսյանը:

«Առաջին հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր, և այդ ձախողումը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ, Հայաստանը հրաժարվեց բանակցել», – ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

«Ադրբեջանի արտգործնախարարը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը: Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ», – այսօր հակադարձեց Ռուբեն Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, որը Բաքուն սադրիչ էր որակել, ապա Ռուբինյանը հիշեցնում է՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ ժամանակին նման հայտարարություն է արել:

«Ռոբերտ Քոչարյանը ասել է՝ Արցախը, Ղարաբաղը 88 թվականից մինչ օրս Հայաստանի մաս է, ըստ Ռոբերտ Քոչարյանի և իր գործընկերների տրամաբանության՝ ինքը պատերա՞զմ է հրահրել», – նշեց խորհրդարանի փոխխոսնակը:

Ազգային ժողովի փոխնախագահը 44-օրյա պատերազմի պատճառների իր բացատրությունն ուներ՝ նախկին նախագահների պաշտոնավարման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսն այնքան էր խախտվել, որ Բաքվին զսպող որևէ հանգամանք այլևս չկար:

«Պետք էր այ էդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, և էսպես շարունակ: Այ դա է պատճառը եղել 44-օրյա պատերազմի. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում աճել է երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները: Այ դա է նպաստել պատերազմի սկզբին», – հայտարարեց Ռուբինյանը:

Պաշտոնական Երևանը ոչ վարչապետի և ոչ էլ Արտգործնախարարության մակարդակով առայժմ չի արձագանքել բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքներին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն