civilnet.am: Վարչապետի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանի վրաերթի և մահվան գործով օգոստոսի 18-ի դատավճիռն առ այսօր չի փոխանցվել կողմերին։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատել է Սոնա Մնացականյանի հոր ներկայացուցիչ Ռաֆֆի Ասլանյանը։ Նա, սակայն, ընդգծեց, որ այս իրավիճակը բնորոշ է դատարաններին․ վճիռները, որպես կանոն, մինչև չորս ամիս ուշ են տրամադրվում կողմերին։
«Ընդհանուր առմամբ, այս քրեական գործով ի սկզբանե եղել է ու կա ձգձգման միտում»,- ասաց Ասլանյանը։
Օգոստոսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով մեղադրյալին՝ վարչապետի ավտոշարասյան ղեկավար Արամ Նավասարդյանին, դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման։ Վճիռը կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Բացի այդ, Նավասարդյանը 1,5 տարով պետք է զրկվի մեքենա վարելու իրավունքից։
Ասլանյանը հաստատեց, որ Նավասարդյանն ներկայում, այսինքն՝ դատավճիռը օրինական ուժի մեջ չմտած պայմաններում շարունակում է մնալ ազատության մեջ և անգամ աշխատում է նույն համակարգում։
Փաստաբանի խոսքով՝ այն դեպքերում, երբ իշխանությունը նպատակահարմար է գտնում, դատարանը սկսում է արագացված գործեր քննել և արգելանքի տակ վերցնել մեղադրյալներին։ Օրինակ՝ Միքայել և Բագրատ սրբազանների վարույթները, Սամվել Կարապետյանի և մյուսների գործերը։
Սոնա Մնացականյանի մահվան գործով վաղեմության ժամկետը լրանալու է 2027-ի ապրիլին։ Նույն տրամաբանությամբ այն կարող է բողոքարկվել մինչև Վճռաբեկ դատարան, և ինչպես առաջին ատյանում գործի քննությունը տևեց շուրջ 3 տարի, այնպես էլ այս ատյաններում տեսականորեն հնարավոր է, որ վճռի վերանայումը ձգվի։
Գլխավոր լուսանկարը՝ Հետքից