Անախորժ իրավիճակ էր առաջացել և մեր ընդդիմադիր մամուլն անմիջապես վերնագրերը դրեց. «Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ այս խոչընդոտը»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում 2026 թ բյուջեի քննարկման ժամանակ հանձնաժողովի անունից ունեցած ելույթի ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ենթադրում եմ, որ իմ պատճառով է եղել, որի համար ներողություն եմ խնդրում թե՛ կառավարությունից, թե՛ մեր գործընկերներից։ Բայց միաժամանակ ուզում եմ նշել, որ մեր քարտուղարությունն արժի, որ ավելի ուշադիր լինի, որ եթե ելույթ ունեցողից հետո անմիջապես ես պետք է ելույթ ունենամ, գոնե պետք է զգուշացնեին, որ դահլիճը չլքեի։ Այստեղ ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նաև նշում եմ, որ դուք թերացել եք», – նշեց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստը 20 րոպեով ընդմիջվել էր։ Զեկույցով պետք է հանդես գար պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը, սակայն, դահլիճում չէր։
Լրատվամիջոցները տեսանյութեր էին տարածել, որտեղ երևում էր, որ Քոչարյանը ուշացումից հետո մոտենում է Նիկոլ Փաշինյանին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փաշինյանը չի մասնակցում նիստին։