armenpress.am: Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Կատարի զբոսաշրջության նախագահ Սաադ բին Ալի ալ Խարջիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Կատարի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ հիմք ընդունելով երկու երկրների կառավարությունների միջև գործող իրավական շրջանակը և աճող փոխադարձ հետաքրքրությունը։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնում են՝ քննարկման ընթացքում ընդգծվել է, որ թեև առկա են զբոսաշրջային հոսքերի զարգացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ ուղղակի ավիահաղորդակցություն և փոխադարձ վիզայաթող պայմաններ, այցելությունների ներկայիս ցուցանիշները դեռևս չեն արտացոլում երկկողմ համագործակցության ողջ ներուժը։
Կողմերը կարևորել են համատեղ մարքեթինգային նախաձեռնությունների իրականացումն, անդրադարձել հայկական կողմի առաջարկին՝ 2025 թվականին Հայաստանում կազմակերպել երկկողմ աշխատանքային խմբի հանդիպում։ Քննարկման նպատակն է վերլուծել զբոսաշրջային միտումները, ներկայացնել նոր արտադրանքներ և ձևավորել համագործակցության նոր ուղղություններ։
Լուսինե Գևորգյանը Կատարի զբոսաշրջության ղեկավարին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու 2025 թվականի նոյեմբերի 21-23-ը Երևանում կայանալիք Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը կծառայի որպես երկկողմ գործակցության ամրապնդման հարթակ։