Բագրատ Սրբազանի գործով անցնող Տիգրան Գալստյանի խափանման միջոցը փոխվեց. նա ազատ կարձակվի | news.am

news.am Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր ընթանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ամբաստանյալներից Տիգրան Գալստյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ Տիգրանը, ով անվասայլակով էր եկել դատարան,  ունի առողջական լրջագույն խնդիրներ, որոնք էլ ավելի են վատթարացել ՔԿՀ-ում գտնվելու շրջանում։ Ընդգծելով, որ Տիգրանը բուժման կուսր անցնելու կարիք ունի, պաշտպանն առաջարկեց փոխել նրա խափանման միջոցը՝ ընտրելով վարչական հսկողություն խափանման միջոց։

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց կիրառել տնային կալանք, ինչպես նաև՝ համակցված բացակայելու արգելք։ Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նկատեց՝ տնային կալանքն ինչպես է կիրառվելու, եթե անձն այժմ «Իզմիրլյան» ԲԿ-ում է, հիվանդանոցայի՞ն կալանք է կիրառվելու։ Ընդ որում, փաստաբանը նկատեց, որ տնային կալանքի կիրառման դեպքում հնարավոր չի լինելու ապահովելու տարբեր ԲԿ-ներում բուժհաստատություն անցնելու, անվերջ շրջապտույտի մեջ են լինելու։

Դատարանը որոշեց փոխել Գալստյանի խափանման միջոցը՝ կալանքի ժամկետը լրանալուց՝ նոյեմբերի 25-ից հետո՝ կիրառել համակցված խափանման միջոց վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։

«Տնային կալանքի ժամկետը լրանալուց հետո՝ 2025թ. նոյեմբերի 25-ից հետո մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը, դրա ընթացքում մեղադրյալը պարտավոր է շաբաթը մեկ անգամ գրանցվել իրավասու մարմնում՝ պրոբացիայի ծառայությունում, առանց վարույթն իրականացնող մարմնի տեղեկացման չփոխել մշտական բնակության վայրը, չհաղորդակցվել սույն  քրեական վարույթով մեղադրյալների ու մեղադրյալների պաշտպանների հետ»,-ասաց դատավոր Ֆարխոյանը՝ ավելացնելով, որ վարչական հսկողությունը պետք է իրականացվի էլեկտրոնային սարքավորումների միջոցով։

Դատարանը սահմանափակեց Գալստյանի հաղորդակցությունը՝ գործով անցնող այլ անձանց՝ մեղադրյալների, պաշտպանների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն