Մենք կարող ենք կառուցել երկաթուղի, բայց եթե այն չմիանա Ադրբեջանի երկաթուղուն, չի աշխատի. Փաշինյան | civilnet.am

civilnet.am Հայաստանից և ԱՄՆ-ից բացի, «Թրամփի ուղի» նախագծի հետ կապ ունի նաև Ադրբեջանը, և ենթակառուցվածքների նախագծերի հաջող իրականացման համար Հայաստանը պետք է իր նախագծերն ինտեգրի Ադրբեջանի հաղորդակցական համակարգերին: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում: Վարչապետն ընդգծեց, որ երկաթուղին, գազամուղը, նավթամուղը և էլեկտրահաղորդման գծերը չեն կարող գործել, եթե չեն միանում Ադրբեջանի հանգույցներին։

Վարչապետը նշեց, որ նախկինում գործող երկաթուղային կապը քաղաքական իրավիճակի պատճառով դադարել է, և այժմ անհրաժեշտ է այն վերականգնել։

«Մենք կարող ենք կառուցել երկաթուղի, բայց եթե այն չմիանա Ադրբեջանի երկաթուղուն, չի աշխատի»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը հետաքրքրված է իր արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապով, մինչդեռ Հայաստանի շահը նաև Հայաստան-Հայաստան կապն է Ադրբեջանի տարածքով։

«Առանձնահատկություն կա երկաթուղու արևելքից արևմուտք շարունակության մասով: Որովհետև մեր ընկալումն ու ցանկությունն այն է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրի, Մեղրիից Նախիջևան, հետո շարունակությունը Երասխ: Շատ կարևոր է նաև այս երկաթուղին մինչև Թուրքիայի սահման՝ Ախուրիկ շահագործելու համար, այստեղ մենք ունենք կտոր, որը վերականգնման ենթակա է, շատ կարճ կտոր և մենք արդեն իսկ սկսել ենք զբաղվել դրանով»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտարարեց, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովում ձևավորվել է ըմբռնում, որ հնարավոր է խուսափել բազմամիլիարդանոց ներդրումներից՝ օգտագործելով ավելի կարճ ու մատչելի երթուղիներ։ Նրա խոսքով՝ Հայաստանը այս ուղղությամբ աշխատում է միջազգային համաձայնեցումների վրա։

Վարչապետը հիշեցրեց, որ Վաշինգտոնի հռչակագիրը նախատեսում է հաղորդակցությունների բացում երեք մակարդակով՝ ներքին փոխադրումներ՝ Հայաստան–Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջան–Ադրբեջան Հայաստանի տարածքով, երկկողմ փոխադրումներ՝ Հայաստան–Ադրբեջան և Ադրբեջան–Հայաստան, միջազգային փոխադրումներ՝ երկու երկրների տարածքով անցնող ուղիների միջոցով։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է նախագծերի գործնական հերթականությունը, և կողմերը նախնականորեն եկել են ըմբռնման, որ ամենաարագ իրագործելի ուղղությունները գազամուղն ու էլեկտրահաղորդման գծերն են։

«Ես որևէ կասկած չունեմ. ոչինչ չի խանգարում նախագծի իրականացմանը»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ բոլոր խնդրահարույց հարցերը հասցեագրված են Վաշինգտոնի հռչակագրում, և համաձայնությունը չիրագործելու մոտիվացիա կողմերից ոչ մեկը չունի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն