Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձել է ԼՂ հակամարտության բանակցային փաստաթղթերը հրապարակելու՝ Փաշինյանի հայտարարությանը | armenpress.am

armenpress.am «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ մինչև տարեվերջ հրապարակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի առանցքային փաստաթղթերը։

«Ինչ վերաբերում է բանակցություններին, շուրջ 8 տարի է՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Ինչո՞ւ է հիմա միայն ուզում հրապարակել բոլոր փաստաթղթերը։ Այդ թղթերը նրանք ունեին շատ ավելի շուտ, և բոլոր թղթերի բովանդակությունը հայտնի է, թերևս, բացի նրանից, թե ինչ է իրենց առաջարկվել 2019 թվականի հունիսին Միացյալ Նահանգներում։ Բայց կսպասենք, թող բացահայտեն, կհամեմատենք այլ աղբյուրների հետ»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց Խաչատրյանը։

Ընդդիմադիր տարբեր գործիչներ տևական ժամանակ է, ինչ ՀՀ վարչապետից պահանջում են հրապարակել ԼՂ հակամարտության բանակցային փաստաղթերը, մասնավորապես 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված փաստաթուղթը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան՝ թեմայի շուրջ բանավեճի էր հրավիրել ՀՀ նախկին երեք նախագահներին՝ Լևոն-Տեր Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Վերջիններս, սակայն, հրաժարվել էին բանավեճից՝ կրկին պահանջելով հրապարակել բանակցային փաստաթղթերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է մինչև տարեվերջ հրապարակել փաստաթղթերը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն