ՔՊ-ն խիստ մտահոգված է Բաքվում ընթացող դատավարությամբ և ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ սահմանված պատժաչափերով | armenpress.am

armenpress.am Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների գործերով հրապարակված պահանջված պատժաչափերին։ Լրագրողի հարցին, թե արդյոք այս զարգացումները համահունչ են խաղաղության գործընթացին և ինչ հնարավորություններ կան գերիների վերադարձի հարցում, Հովհաննիսյանը նշեց՝ գործընթացը խիստ մտահոգիչ է։

«Մենք հայտարարել ենք, ասել ենք, որ խորը մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության վերաբերյալ։ Եվ այո, պետք է երկրորդեմ պարոն վարչապետին այն հարցում, որ ստեղծված խաղաղության մթնոլորտը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի, որպեսզի կարողանանք լուծել Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների տուն վերադարձի հարցը»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշեց, որ գերիների վերադարձը իշխանության համար առաջնահերթ խնդիր է, և այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում։

«Հույս ունենք, որ առաջիկա խաղաղության գործընթացները կհեշտացնեն զարգացումները և այնպիսի միջավայր կստեղծեն, որ մեր բոլոր հայրենակիցները վերադառնան»,– հավելեց պատգամավորը։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի ու Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս հայ գերիների նկատմամբ պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի,Դավիթ Ալավերդյան՝18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն