Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում մասնակցել է CII Partnership Summit 2025 միջոցառմանը։
«Ֆեյսբուք»-ում կատարած գրառման միջոցով նախարարը տեղեկացրել է, որ ելույթի ընթացքում կարևորել է Հայաստանի ու Հնդկաստանի տնտեսական համագործակցության խորացումը՝ բարձր գնահատելով երկու երկրների երկարամյա բարեկամությունը։
«Ընդգծեցի Հնդկաստանի նորարարական ու տեխնոլոգիական առաջընթացը և վստահություն հայտնեցի, որ գագաթնաժողովը կնպաստի նոր գաղափարների և երկարաժամկետ գործընկերության ձևավորմանը։
Ներկայացրեցի Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ դիվերսիֆիկացված, արտահանմանը միտված և նորարարական տնտեսության կառուցումը, ինչպես նաև ներկայացրեցի ներդրումային հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, դեղագործության, ագրոբիզնեսի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում»,– գրել է Պապոյանը։
Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որով նախատեսվում է ստեղծել ժամանակակից տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական ուղիների ցանց, որը կկապի Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը և Կենտրոնական Ասիան։
Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 9 երկրների տնտեսական ոլորտի նախարարներ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության (WTO) նախագահը։