factor.am Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հաղորդում է Վրաստանի խորհրդարանը։
Հանդիպման ժամանակ նշվել է, որ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների ու խորհրդարանների, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունները մնում են ամուր, ինչի արդյունքում անցյալ տարի երկկողմ հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի։
Շալվա Պապուաշվիլին ընդգծել է բարձր մակարդակի այցելությունների դրական դինամիկան, որը հաստատում է երկու երկրների միջև ինտենսիվ փոխգործակցությունը։ Ուշադրություն է դարձվել ինչպես երկու երկրների խորհրդարանների նախագահների, այնպես էլ հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև խորհրդարանական ակտիվ և արդյունավետ համագործակցությանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Արարատ Միրզոյանը նշել է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաձեռնված խաղաղության համաձայնագիրն արդեն իսկ տվել է մի շարք գործնական արդյունքներ, և դրա վերջնական ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են: Ընդգծվել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների դրական զարգացումը: