civilnet.am Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունն ապօրինի է․ նոյեմբերի 15-ին կայացած ասուլիսին ասաց կալանավորված գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանի խոսքով՝ վճռաբեկ դատարանից ելքագրվել է 2025-ի նոյեմբերի 13-ի գրություն, որը ստացվել է 2025-ի նոյեմբերի 14-ին․ «Քննչական կոմիտեի 53 քննիչից բաղկացած խմբի ղեկավարը ունեցել է վճռաբեկ դատարանի որոշումը հենց նոյեմբերի 13-ին: Քննիչը ունեցել է որոշումն այնքան վաղ, որ հասցրել է դրան ծանոթանալ, մեջբերումներ կատարել և անել միջնորդությունը»։
Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արմեն Ֆերոյանը ասաց, որ «նախաքննության ընթացքում փողերի լվացման դրվագը չի ապացուցվել։ Աբսուրդ է այդ դրվագով Սամվել Կարապետյանին մեղադրանք առաջադրելը»։
Հինգ ամիս անազատության մեջ գտնվող գործարարը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 14-ին մերժել է պաշտպանների բողոքը և կալանքի որոշումն անփոփոխ թողել։ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ երկարաձգելու Կարապետյանի կալանքը:
Փաստաբանների խոսքով՝ կալանքը երկարաձգելու որոշումը կբողոքարկեն նաև Վճռաբեկ դատարանում։ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Հակակոռուպցիոն դատարանում։
Սամվել Կարապետյանին հունիսին կալանավորեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։