ԱՄՆ-ն դադարեցրել է Թաիլանդի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները | armenpress.am

armenpress.am Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է Թաիլանդի հետ առևտրային համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցությունները՝ Կամբոջայի հետ սահմանին իրավիճակի սրացումներով պայմանավորված։  Ինչպես հայտնում  է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նիկոնդետ Փհալանգկունը։

«Մենք ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի տեղակալից նամակ ենք ստացել, որում ասված է Թաիլանդի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագիր կնքելու բանակցությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Դրանից հետևում է, որ բանակցությունները կարող են շարունակվել, երբ Թաիլանդը կհաստատի համատեղ հռչակագիրը կյանքի կոչելուն իր հավատարմությունը։ Այս առնչությամբ մենք հիասթափված ենք․ Թաիլանդը հետևողականորեն հաստատել է, որ անվտանգության հարցերը, որոնք մասնավորապես վերաբերում են Թաիլանդի ու Կամբոջայի երկկողմ խնդիրներին, չպետք է կապվեն առևտրային հարցերի հետ, որոնք քննարկում են Թաիլանդն ու ԱՄՆ-ը»,- ասել է պաշտոնյան։

Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Կամբոջան խախտել է խաղաղության համատեղ հռչակագիրն՝ ականներ տեղադրելով Թաիլանդի տարածքում, ինչի հետևանքով նոյեմբերի 9-ին զինվորականներ են զոհվել։

Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Խուն Մանեթը և Անութին Չարնվիրակուլը հոկտեմբերին Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են «աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն