Դատախազությունն ընթացք է տվել Ժուռնալիստների միության գույքը ՀՀ սեփականությանը վերադարձնելու պատգամավորների դիմումին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջում են ՀՀ սեփականությանը վերադարձնել Հայաստանի ժուռնալիստների միության գույքը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնել է Սիսակ Գաբրիելյանը։

Նա նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ամիսներ առաջ իրենց ուղարկած նամակին, հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է քրեական գործ:

«Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը. հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ:

Տարածքը գտնվում է Երևանի կենտրոնում՝ շուրջ 2400 քմ, իսկ շուկայական արժեքը՝ մոտ 3-5 մլն ԱՄՆ դոլար։
Գլխավոր դատախազությունից տեղեկացա, որ կառույցն ընթացք է տվել ամիսներ առաջ իմ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղարկած նամակին։

Սա միայն մեկն է այն հազարավոր գույքերից, որոնք մեր կարծիքով անկախացումից հետո դարձել են ՀՀ սեփականություն և ոչ իրավաչափ եղանակներով փոխանցվել տարբեր անհատների կամ կազմակերպությունների։ Գույքերի մեծ մասը երբեք չի ծառայել հանրության շահին, իսկ ոլորտի ներկայացուցիչները դրանց օտարումից կամ վարձակալության գումարներից գրեթե ոչինչ չեն ստացել։

Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Վարչական դատարանն առաջիկայում կքննի դատախազության՝ փաստաթղթերն առ ոչինչ համարելու և գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին հայցը»,- գրել է պատգամավորը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն