«Անկախ դիտորդի» դիտարկմամբ՝ մինչև 11։00-ն էական խախտումներ չեն արձանագրվել

«Անկախ դիտորդ» դաշինքը դիտորդական առաքելություն է իրականացնում Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին 6 շրջիկ խմբերով, որոնք հետևում են ինչպես տեղամասային կենտրոններում և մատույցներում, այնպես էլ ընդհանուր առմամբ միավորվող Խոյ և Վաղարշապատ համայնքներում անցկացվող ընտրական գործընթացներին։ Այս մասին հայտարարություն է տարածել դիտորդական առաքելությունը։

«Առաքելության դիտորդներն առավոտյան 7:00-8:00 ժամանակահատվածում դիտարկել են 8 տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրականացվող նախապատրաստական նիստը և տեղամասերի բացումը։

Դաշինքի դիտարկմամբ մինչև 11։00-ն էական խախտումներ չեն արձանագրվել։

Դիտարկված տեղամասերից 2-ում նիստը սկսվել էր աննշան ուշացումով, 2 տեղամասերում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ, որոնք լուծվել են հանձնաժողովի կողմից․

– տեղամասերից մեկի հանձնաժողովի վիճակահանությունն իրականացվել էր մասնակի, սակայն, մինչև նիստի ավարտը լրացվել էր ամբողջությամբ,

– մեկ այլ տեղամասում հանձնաժողովի անդամները փոխադարձ համաձայնությամբ վերանայել էին ազատ ժամերը և գործառույթները, այս տեղամասում նաև հանձնաժողովի նիստի ընթացքում չէր կապարակնքվել քվեատուփը և դա իրականացվել է առաջին ընտրողների քվեարկությունից հետո։ Միևնույն տեղամասում քվեախցիկներում կուսակցությունների քվեաթերթիկները ավելացվել են դիտորդի դիտարկումից հետո (յուրաքանչյուր քվեախցիկի չօգտագործված քվեաթերթիկների արկղում 3-5 քվեաթերթիկների առկայությունը Ընտրական օրենսգրքի պահանջ է)։

Ոստիկանության ծառայողների հանգստի համար նախատեսվող սենյակի հետ կապված խնդիրներ էին ծագել երկու տեղամասերում, որոնցից մեկում դիտորդի արձանագրմամբ ոստիկանությունը, որպես խնդիրը լուծող, հաղորդակցվում էր ոչ թե հանձնաժողովի նախագահի, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի հետ։

Հանձնաժողովի նախապատրաստական նիստի ընթացքում չեն արձանագրվել լուրջ միջադեպեր։

Նիստին հիմնականում ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր», «Համահայկական ճակատ», «Մայր Հայաստան» կուսակցությունների և «Հաղթանակ» դաշինքի վստահված անձինք, սակայն ավելի քիչ ներկայացվածություն ունեին նաև մյուս կուսակցությունները բացառությամբ Հանրապետություն կուսակցության։

Ժամը 8։00-ից հետո դիտորդները այցելել են թվով 22 տեղամաս։

Չի արձանագրվել էական որևէ միջադեպ։

Այցելած տեղամասերից 15-ի մուտքի ճանապարհին առկա էին խոչընդոտներ, որոնք կարող են դժվարացնել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկությունը, 15-ի մուտքը ոչ մատչելի է գնահատվել դիտորդների կողմից։

Մի քանի տեղամասերում դիտորդները անբավարար են գնահատել աշխատանքային պայմանները։

Եզակի դեպքերում պատշաճ չի վարվում հանձնաժողովի գրանցամատյանը՝ մեկ դեպքում դիտորդի մատնանշման արդյունքում է հանձնաժողովը նկատել նույն կուսակցության մեկից ավել վստահված անձանց ներկայությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն