«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ առավոտից այցելել է շուրջ 40 ընտրատեղամաս, արձանագրված հիմնական խախտումներն են՝ ընթացակարգային՝ 3, վիճաբանության դեպք՝ 2, ընտրողների կազմակերպված տեղաշարժ՝ 3, միտումնավոր բաց քվեարկություն՝ 1։
Իոաննիսյանը նշեց, որ բաց քվեարկության դեպքեր շատ են արձանագրվել, բայց մեկն է, որ դիտորդների կողմից արձանագրվել է որպես միտումնավոր բաց՝ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար, և ոչ թե օրինակ կարգին չտիրապետելու կամ քվեախցիկի հերթը շրջանցելու նպատակով։
«Արձանագրվել է նաև գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասում գտնվելու 1 դեպք, ընտրական հանձնաժողովի ղեկավարի անգործության 1 դեպք, գրանցամատյանի՝ էական թերություններով լրացնելու 4 դեպք, քվեարկության կտրոնի ժամանակավոր հափշտակության 1 դեպք, որը ընտրողը հետո վերադարձրել է։ Քննարկում էինք դեպքը, բայց որոշեցինք, որ սա հանցագործության տարր չի պարունակում», – նշեց Իոաննիսյանը։
«Անկախ դիտորդ» դաշինքից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց, որ ընդհանուր առմամբ, ընտրություններում լարվածության մթնոլորտ, լուրջ առճակատումներ, բախումներ չեն արձանագրում․ «Ես նույնիսկ կարող եմ ասել՝ երեւի թե արդեն սովորել ենք, որ ընտրությունները միջոցառում չեն, այլ ուղղակի իրադարձություն են, որ կազմակերպվում են»։
Խոսելով խախտումների մասին՝ Սաքունցը նշեց, որ արձանագրվել են դեպքեր, երբ քվեարկության սենյակի մակերեսն այնքան փոքր է եղել, որ չի համապատասխանել ընտրողների թվին։
«Հանձնաժողովները չեն կարողանում վերահսկել, երբ օրինակ նույն մարդը կամ մարդիկ շարունակաբար, երկար կարող են գտնվել նույն տարածքում․ դա գնահատվում է ընտրողների ուղղորդման հնարավոր տարբերակ, և ոստիկանները, որոնք դա տեսնում են, պետք է հեռացնեն՝ չսպասելով հանձնաժողովի նախագահի ցուցումին»։