14/08 տեղամասում մոտ 20 րոպե հոսանքն անջատվել է, ինչի պատճառով քվեարկության գործընթացը խաթարվել է մթության պատճառով։ Այս մասին «Ինֆոքոմի» հետ զրույցում հայտնեց «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Սեւադա Ղազարյանը։
Նա նշեց, որ տեղամասում մնացած ընտրողներին հեռախոսի լույսով փորձել են օգնել այլ ներկաներ, սակայն փաստացի ընտրական գործընթացն այդ 20 րոպեներին կանգնած է եղել, որովհետեւ սարքերը եւս չեն աշխատել։
Դիտորդը հայտնեց, որ տեղեկացել են՝ նույնպիսի իրավիճակ է նաեւ 14/13 տեղամասում, որտեղից այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։
Ավելի ուշ ԿԸՀ-ից հայտնեցին, որ մի քանի րոպեով խափանվել է 14/13 և 14/8 ընտրական տեղամասերի էլեկտրամատակարարումը։
«Այժմ երկու տեղամասում էլ այն վերականգնվել է։ Էլեկտրամատակարարման խափանման պահին տեղամասերում ներկա են գտնվել ԶԼՄ և դիտորդ գործընկերներ», – նշել են ԿԸՀ-ից։
Նշենք, որ «Ինֆոքոմի» լրագրողը առավոտյան նկատել էր, որ 14/08 տեղամասում ընտրության ընթացքում հոսանքի հետ կապված աշխատանքներ են իրականացվում։ ԿԸՀ-ից «Ինֆոքոմ»-ին հայտնել էին, որ աշխատանքներն իրականացնում է ՀԷՑ-ը, տեղադրվում են հատուկ լամպեր, որոնք չեն անջատվի, եթե հոսանքազրկում լինի։