«Ականատես» դիտորդական առաքելությունը 47 տեղամասերում արձանագրել է 50 խախտում

«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների ընթացքում այցելած 47 տեղամասերում արձանագրված խախտումները։ Առաքելության դիտորդները հայտնաբերել են  50 խախտում։ Առաքելության տարածած հաղորդագրության մեջ նշվում է․

«Դիտորդները տարբեր տեղամասերում արձանագրել են հետևյալ խնդիրները՝

1. Ընտրողների քվեարկության իրավունքի խոչընդոտման երկու դեպք՝
● 14/46 ընտրատեղամասում 11:00-ին տեղի է ունեցել բաց քվեարկության դեպք, մասնավորապես՝ անձը մինչև քվեախցիկ մտնելը քվեաթերթիկը դրել է ծրարի մեջ, որին ականատես է եղել միայն «Մայր Հայաստան» կուսակցության վստահված անձը, որի կապակցությամբ վեճ է առաջացել ընտրողի և վստահված անձի միջև։ Ընտրողը պատճառաբանել է, որ քվեաթերթիկը ծրարի մեջ է դրել մինչև քվեախցիկ մոտենալը, քանի որ քվեախցիկում դեռ ընտրող է եղել և ցանկացել է շուտ կատարել քվեարկությունը։ Հանձնաժողովի նախագահը ԿՀԸ ցուցումով վերցրել է անձի ծրարը և թույլ չի տվել քվեարկելու։ Ընտրողը հեռացել է տեղամասից՝ քվեարկությունն ավարտին հասցնելու հնարավորություն չունենալով։

● 14/20 ընտրատեղամասում ընտրողը քվեարթերթիկը չիմացությամբ դրել է ոչ թե ծրարի մեջ, այլ դրա տակ, որից հետո հանձնաժողովի անդամը փակցրել է ինքնասոսնձվող դրոշմանիշը ծրարի տակ գտնվող քվեաթերթիկի վրա։ Հանձնժողովը դա նկատելուց հետո մարել է քվաթերթիկը ծրարով հանդերձ և դրանք գցել քվեատուփի մեջ (ինչը ևս ընթացակարգային սխալ է)՝ առանց ընտրողին քվեարկելու հնարավորություն տալու։

2. Ուղղորդման ռիսկ է նկատվել երկու ընտրատեղամասերում՝
● 14/20 տեղամասում Հայրենիք կուսակցության վստահված անձը, ով հանդիսացել է տվյալ դպրոցի նախկին տնօրենը, հաճախ շփվել է ընտրատեղամաս մտնող և հեռացող ընտրողների հետ, զրուցել վերջիններիս հետ։ 14/25 տեղամասում Քաղաքացիական պայմանագրի վստահված անձը ակտիվորեն շփվել է ներս մտնող և հեռացող ընտրողների հետ, ուղեկցել նրանց դեպի քվեարկության սենյակ կամ դրանից դուրս, պարբերաբար երկար զրուցել նրանց հետ տեղամասի մուտքի մոտ։

3. 14/20 ընտրատեղամասում մինչև քվեարկություն կատարելը ընտրողը բարձրաձայնել է, թե ում օգտին է պատրաստվում քվեարկել։

4. 14/01 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել դիտորդի ազատ տեղաշարժը՝ հրահանգելով նրան գտնվել միայն տեսախցիկի նկարահանման դաշտում։

5. 14/01 տեղամասում ներկա են գտնվել կողմնակի անձիք, ովքեր դիտորդի նկատառումից հետո հեռացվել են տեղամասից։

6. 14/17 ընտրատեղամասում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից նշանակված հանձնաժողովի նախագահը խոսել էլ նույն կուսակցության վստահված անձի տրամադրած հեռախոսով՝ անհայտ անձի հետ, տրամադրել անհայտ ինֆորմացիա։ Նախագահը հրաժարվել է դիտորդին տեղեկացնել, թե ինչի մասին է զրուցել ՔՊ ներկայացուցչի հետ հեռախոսով, ինչը խնդրահարույց է անաչառության սկզբունքի պահպանման տեսանկյունից։

7. 14/10 ընտրատեղամասի ընտրական ցուցակում ընտրողի անվան դիմաց եղել է այլ անձի ստորագրություն։

8. 14/8 և 14/13 տեղամասերում հոսանքազրկման հետևանքով որոշ ժամանակով դադարեցվել է քվեարկության ընթացքը՝ մինչև լուսավորության վերականգնումը։

9. Քվեատուփերի հետ կապված խնդիրներ են արձանագրվել երեք ընտրատեղամասերում՝

● 14/05 ընտրատեղամասում քվեատուփի հատուկ պլաստմասյա կապիչներից մեկը վնասված է եղել։

● 14/02 և 14/29 ընտրատեղամասերում այդ փակիչներն ընդհանրապես բացակայել են և քվեատուփը փակված է եղել միայն ինքնակպչուն թղթղյա կնիքներով։ 14/29-ում դիտորդի կողմից զգուշացումից հետո ևս խնդիրը չի շտկվել։

10. Մարդկանց և մեքենաների կուտակումներ են արձանագրվել տեղամասերի մուտքի մոտ կամ 50 մետր շառավղով տարածքում՝ 14/47, 14/01, 14/45, 14/46, 14/08:

11. Մարդկանց կուտակումներ են արձանագրվել 14/46 և 14/08 տեղամասերի ներսում:

12. Մատչելիության խնդիրներ են հայտնաբերվել հետևյալ ընտրատեղամասերում՝ 14/01, 14/47, 14/22, 14/04, 14/02, 14/19, 14/30, 14/20, 14/05, 14/18, 14/28, 14/14, 14/29, 14/11, 14/20, 14/42, 14/06, 14/26, 14/08, 14/24, 14/32։

13. Կահավորման խնդիրներ են հայտնաբերվել հետևյալ ընտրատեղամասերում՝ 14/05, 14/35, 14/46, 14/31, 14/11, 14/05, 14/20, 14/47, 14/01, 14/45:

Կարևոր է նշել, որ նկարագրված խնդիրների մեծամասնության դեպքում հանձնաժողովի անդամները համագործակցել են դիտորդների հետ և փորձել շտկել խնդիրները։ Բոլոր խնդիրների դեպքում դիտորդների կողմից գրառումներ են կատարվել գրանցամատյաններում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն