Վաղարշապատ խոշորացված համայնքում 2025թ. նոյեմբերի 16-ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթում է՝ ըստ ԿԸՀ նախնական տվյալների:
47 ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալների համաձայն՝ ավագանի է անցնում 3 ուժ՝
- ՔՊ կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը – 15 298 ձայն կամ 48.51%
- «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը – 10 051 ձայն կամ 31.87%
- «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը – 1 692 ձայն կամ 5.3%
Արգիշտի Մեխակյանը, որը գլխավորում է ՔՊ ցուցակը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է, Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը, Արմավիրի նախկին մարզպետը:
Մնացած ուժերը չեն հաղթահարել անցողիկ շեմը՝ ԿԸՀ նախնական տվյալներով:
- «Հանրապետություն» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը – 1 241 ձայն կամ 3.93%
- «Հայրենիք» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը – 1 193 ձայն կամ 3.78%
- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, ցուցակի առաջին համարը Վահրամ Ազատյանն է – 1 177 կամ 3.73%
- «Ժառանգություն» կուսակցություն, առաջին համարը Արկադի Փայտյանն է 440 ձայն կամ 1.39%
- «Համահայկական ճակատ» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը – 295 ձայն կամ 0.93%
Քվեարկությանը մասնակցել է 31 535 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 45.09%-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին, ինչպես նաև «Վաղարշապատի ընտրողներին՝ ժողովրդավարական ընտրությունների առիթով»:
Ըստ ՔՊ կուսակցության նախագահի՝ այս ընտրությամբ քաղաքացիները հաստատել են, որ «խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը»:
Փաշինյանն այս համատեքստում անդրադարձել է նաև Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, թե ընտրությամբ քաղաքացիները «կարևոր լիցք են տվել» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կաթողիկոսից «ազատելու գործընթացին»: