Հունաստանը Ուկրաինային կմատակարարի հեղուկ բնական գազ ԱՄՆ-ից | 1lurer.am

1lurer.am Ուկրաինան և Հունաստանը համաձայնության են եկել ամրապնդելու համագործակցությունն էներգետիկ ոլորտում։ Ըստ պայմանավորվածության՝ ամերիկյան հեղուկացված բնական գազը հունական նավահանգիստներից կտեղափոխվի Հարավարևելյան Եվրոպա, ապա՝ Ուկրաինա։ Հունական DEPA գազային ընկերության և ուկրաինական պետական ​​«Նաֆտոգազի» միջև համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է կիրակի՝ նոյեմբերի 16-ին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հունաստան կատարած այցի ժամանակ։

Հեղուկացված բնական գազի մատակարարումները կսկսվեն դեկտեմբերին և կշարունակվեն մինչև մարտ: Նախատեսվում է դրանք իրականացնել նաև առաջիկա տարիներին։ Այդ մասին հայտարարել է Աթենքում կառավարության ներկայացուցիչը։

Ուկրաինայի նախագահի խոսքով էլ՝ մատակարարումները կկատարվեն գործող խողովակաշարերով։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ոչնչացնում է ուկրաինական գազի պահեստարանները, և շնորհակալություն է հայտնել Հունաստանին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գազային միջանցքի ընդլայնմանը ցուցաբերած աջակցության համար։

Bloomberg-ը հայտնել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանն ավելի ու ավելի հաճախ է հարձակումներ իրականացնում ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վրա՝ ոչնչացնելով Ուկրաինայի գազի արտադրության հզորությունների մոտ 60%-ը։ Պարբերականի գնահատմամբ՝ Կիևը ստիպված կլինի 1,9 միլիարդ եվրո ծախսել վառելիքի ներմուծման վրա, ձմեռային էլեկտրաէներգիայի կարիքները բավարարելու համար։

Հունաստանից հետո նախատեսված է Զելենսկու այցը Ֆրանսիա և Իսպանիա։ Երեք երկրում էլ քննարկման թեմաներն են Ուկրաինայի պաշտպանությունը և Ուկրաինային զենքի ու էներգիայի հետագա մատակարարումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն