Անհրաժեշտ է իրականացնել շարունակական պետական քաղաքականություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար անվտանգ և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու համար

 

Նոյեմբերի 17-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության գրասենյակ և հանդիպել կազմակերպության շահառուների հետ։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը՝ ընդգծելով, որ այն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանին հանդիպումը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտային խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար․ «Այս ոլորտում առկա են բազմաթիվ և բազմաշերտ խնդիրներ, և նման կառուցողական քննարկումներն էական նշանակություն ունեն՝ առկա խոչընդոտները հաղթահարելու և համակարգի շարունակական զարգացման համար»։

Հանդիպման ընթացքում շահառուները, ի թիվս այլնի, բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովմանը, հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու հետ կապված խնդիրներին, խտրականության բացառմանը և մի շարք այլ հարցերի:

Պաշտպանը նշել է, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել նպատակային, համակարգային և շարունակական պետական քաղաքականություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ինքնուրույն, անվտանգ և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու նպատակով։

Անահիտ Մանասյանը վերահաստատել է իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվորեն աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խթանման և ներառական հասարակության ձևավորման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն