Առաջիկա երեք ամիսներին ՀԷՑ-ը գործելու է ժամանակավոր կառավարչի գործադիր լիազորությունների ներքո, քանի դեռ նոր լիցենզիա տրամադրված չէ։ Այս մասին Հանրային հեռուսատաընկերության եթերում հայտարարել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
Նոյեմբերի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կողմ ձայների մեծամասնությամբ որոշում կայացրեց դադարեցնելու ՀԷՑ-ի լիցենզիան։
«Սա նշանակում է, որ հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում գործող ՀԷՑ-ն այլևս էլեկտրաէներգիայի հզորության բախշման լիցենզիա չունի և հետագա երեք ամիսները ՀԷՑ-ը գործելու է, պարզապես էներգետիկայի մասին օրենքով կարգավորված տիրույթում, ժամանակավոր կառավարչի գործադիր լիազորությունների ներքո, քանի դեռ նոր լիցենզիա տրամադրված չէ։ Այդ երեք ամիսը, առավելագույնը մինչև երեք ամիս, լիցենզիայից զրկված ռեժիմում իրականացվելու է լիցենզիայով վերապահված իրավասություններ»,- ասել է Պետրոսյանը:
Առաջիկա երեք ամիսներին պետությունը ՀԷՑ-ի սեփականատիրոջ հետ կսկսի բանակցել գույքի սեփականության փոխանցման վերաբերյալ։
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ օրենքով սահմանված երեք ամիսն այն ժամկետն է, որի ընթացքում կառավարության ներկայացուցիչը պետք է բանակցի ՀԷՑ-ի սեփականատերերի կամ իրենց ներկայացուցիչների հետ ՀԷՑ-ի՝ բաժնեմասերը ձեռք բերելու ուղղությամբ։ Ըստ Պետրոսյանի, այդ երեք ամսվա ընթացքում կարող է հայտ ներկայացնել երրորդ կողմը՝ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնությամբ, և բաժնետոմսերը օտարվեն։
«Բաժնետոմսերի օտարումից հետո արդեն նոր սեփականատերը պետք է դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ նոր լիցենզիա ստանալու համար։ Եթե առավելագույնը երեք ամիս ժամկետում համաձայնություն ձեռք չի բերվում, ապա սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով ձեռք է բերում ՀԷՑ-ի բաժնետոմսերը»,- ասել է Պետրոսյանը:
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի խոսքով՝ ՀԷՑ-ը լիցենզիայով այլ արժեք ունի, առանց լիցենզիայի՝ այլ։
«Քանի որ տվյալ ընկերությունն իր գույքային համալիրը, իր ենթակառուցվածքները բնականաբար կադաստրային արժեքները, շուկայական արժեքները կարգավորվում է որոշակի իրավակարգավորումներով՝ այլ գին կարող է լինել, և գործող լիցենզիայով բնականաբար լիովին այլ գին կարող է լինել»,- նշել է Պետրոսյանը։
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ երկու ճանապարհ կա, կամ ընկերությունը 100 %-ով պետության կառավարման տակ կանցնի, կամ ամբողջությամբ կամ մասամբ կվերամասնավորեցվի միջազգային կորպորացիայի։
***
Հունիսի 17-ից Հայաստանի կառավարության և ՀԷՑ-ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել էին այն բանից հետո, երբ Կարապետյանը քննադատել էր Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։ Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել էր Սամվել Կարապետյանին կալանավորել։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։ Հուլիսի 3-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։
ՀԾԿՀ-ն հուլիսի 18-ին Կառավարության կողմից հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ ինչպես «Էներգետիկայի մասին» օրենքի, այնպես էլ հանձնաժողովի՝ օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսւոմնասիրության նպատակով։