Սիգի պաշարները Սևանա լճում ավելացել են. ձկնատեսակի համար դրույքաչափը 3 անգամ կբարձրանա | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru 2026 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում 1 կգ սիգի համար դրույքաչափը 65 դրամից կդառնա 200 դրամ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը` ներկայացնելով 2025 թ. ապրիլինի օրենսդրական փոփոխությունները, որոնցով վերանայվել են կենսապաշարների բնօգտագործման վճարները։

«Կենսապաշարների բնօգտագործման վճարների վերանայման նպատակն այն է, որ մեր ձկնատեսակների ռեսուրսներն արժևորվեն»,- ընդգծեց նա։

Ավետիսյանը հիշեցրեց, որ դրույքաչափերը վերջին անգամ վերանայվել էին 2006 թվականին։ Նա տեղեկացրեց, որ բոլոր ձկնատեսակների համար դրույքաչափերը մոտ երկու անգամ ավելացել են, բացառություն է սիգը, որի դեպքում դրույքաչափը 3 անգամ է ավելացել։

Բացի այդ՝ փոփոխություններ են կատարվել վճարումների կարգի մեջ. եթե հիմա պետք է վճարվի փաստացի օգտագործման համար, ապա 2026 թ. հունվարի 1-ից պետք է վճարները կատարվեն տրամադրված չափաքանակների համար։

«Եթե անձը դիմում ու ստանում է արդյունագործական ձկնորսության համապատասխան իրավունքը, փաստացի կարող է ավելի քիչ չափաքանակ օգտագործել։ Այսինքն, այնպիսի մեխանիզմ է դրվել, որպեսզի յուրաքանչյուրը սպառի այնքան, որքան իրեն անհրաժեշտ է։ Սա արդարացի կլինի»,- ասաց նա։

Ավետիսյանը նշեց, որ այսօր, մասնավորապես, սիգի շուկայական վաճառքի գինը 1000-1500 դրամ է։

«Սիգը նաև պարենային անվտանգության խնդիր է լուծում։ Ես չեմ կարծում, որ դրույքաչափի բարձրացումը կարող է բերել սիգի գնի աճին»,- վստահեցրեց նախարարության ներկայացուցիչը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանն իր հերթին ավելացրեց, որ նոյեմբերի 20–ից Սևանա լճում սիգի արդյունագործական որսը դադարում է` պայմանավորված ձվադրման ժամանակահատվածի հետ։ Արգելքի ժամանակահատվածը կտևի մինչև մյուս տարվա փետրվարի սկիզբ։

«Արդյունագործական ձկնորսությամբ իրավունք ունեն զբաղվելու միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը»,- տեղեկացրեց նա։

Բալոյանը ներկայացրեց նաև հունիս-օգոստոսին Սևանա լճում ԳԱԱ կատարած ուսումնասիրությունները, ըստ որոնց` նկատվել է սիգի պաշարների աճի դրական դինամիկա։ Այս պահին լճում առկա է 1 550 տոննա արդյունագործական տեսակի ձկնային պաշար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն