ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է օրենք, որը պահանջում է բացահայտել սեռական հանցագործությունների համար դատապարտված և բանտում մահացած ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված բոլոր նյութերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Օրենքը պարտավորեցնում է Արդարադատության նախարարությանը 30 օրվա ընթացքում բացահայտել Էփշտեյնի հետաքննության բոլոր տեղեկությունները «որոնելի և ներբեռնելի ձևաչափով»։ Նախկինում Թրամփը դեմ էր այս նյութերի հրապարակմանը, բայց անցյալ շաբաթ փոխել էր դիրքորոշումը՝ Էփշտեյնի զոհերի և Հանրապետական կուսակցության անդամների ճնշումից հետո։
Երեքշաբթի օրինագիծն ընդունվել էր Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից։
Truth Social-ում գրառման մեջ ԱՄՆ նախագահը դեմոկրատներին մեղադրել է այս հարցն առաջ մղելու համար՝ իր վարչակազմի նվաճումներից շեղելու նպատակով։
«Հնարավոր է՝ շուտով բացահայտվի այս դեմոկրատների և Ջեֆրի Էփշտեյնի հետ նրանց կապերի մասին ճշմարտությունը, քանի որ ես հենց նոր ստորագրեցի Էփշտեյնի փաստաթղթերի հրապարակման մասին օրենքը»,- գրել է նա։
Օրենքի համաձայն՝ Էփշտեյնի վերաբերյալ հրապարակման ենթակա նյութերը ներառում են քրեական հետաքննությունների փաստաթղթեր, այդ թվում՝ զոհերի և վկաների հետ հարցազրույցների արձանագրություններ, ինչպես նաև նրա սեփականության խուզարկությունների ժամանակ առգրավված իրեր։ Այս նյութերը ներառում են Արդարադատության նախարարության ներքին նամակագրություն, թռիչքների գրառումներ և Էփշտեյնի հետ կապված անհատների և կազմակերպությունների մասին տեղեկատվություն։ Դրանք տարբերվում են Էփշտեյնի արխիվից Կոնգրեսի կողմից անցյալ շաբաթ հրապարակված ավելի քան 20,000 էջանոց փաստաթղթերի հավաքածուից, որոնք ներառում են Թրամփին ուղղակիորեն հիշատակող նյութեր։
Փաստաթղթերի թվում են Էփշտեյնի 2018 թվականի հաղորդագրությունները, որոնցում նա Թրամփի մասին ասում է՝ «Ես եմ, ով կարող է ոչնչացնել նրան։ Ես գիտեմ, թե որքան կեղտոտ է Դոնալդը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։