Ինչու է որոշվել համահարթեցնել երեխայի ծննդյան միանվագ աջակցության գումարը. մանրամասնել է Արսեն Թորոսյանը | armenpress.am

armenpress.am:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել է, թե ինչու է որոշվել բոլորի դեպքում համահարթեցնել երեխայի ծննդյան միանվագ աջակցության գումարը։

Այս պահին առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում պետությունը ընտանիքներին հատկացնում է միանվագ աջակցություն 300 հազար դրամի չափով։ Երրորդ և չորրորդ երեխայի դեպքում միանվագ աջակցությունը 1 միլիոն դրամ է, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների դեպքում՝ 1.5 միլիոն դրամ։ Կառավարությունը որոշում է կայացրել փոխել մոտեցումը և բոլոր դեպքերում երեխայի ծննդյան միանվագ գումարը սահմանել 500 հազար դրամ։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Արսեն Թորոսյանը պարզաբանել է՝ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որ անապահովության համակարգում կան հազարավոր ընտանիքներ, որոնք հենց բազմազավակ ընտանիքներն են։ Նախարարի խոսքով՝ այդպիսի ընտանիքներում, սովորաբար, ոչ թե որոշում են երեխա ունենալ, իսկ պետությունն էլ աջակցում է, այլ հակառակը՝ հատկապես երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ երեխաների դեպքում նրանք այդ որոշումը կայացնում են հենց միանվագ աջակցության գումարի համար։

«Մենք պետք է հաշվի առնենք ծնված երեխաների կենցաղային պայմանները և ապրուստի պայմանները։ Մենք անապահովության համակարգում ունենք հազարավոր ընտանիքներ, որոնք բազմազավակ են, և մենք տեսնում ենք այդ վատ տենդենցը, երբ այդպիսի ընտանիքները հատկապես երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ երեխային ունենում են հենց այդ միանվագ գումարի համար։ Օրինակ, բանկում վարկ ունեն, և երեխա են ունենում, որպեսզի այդ վարկը վճարեն։ Շատ լավ՝ վարկը վճարեցին, բայց այդ երեխային պետք է խնամել։ Եվ մենք տեսնում ենք այդ բազմազավակ ընտանիքների շրջանում ահագնացող աղքատացում։ Ընդհանրապես երկրները դեմոգրաֆիական քաղաքականություններ մշակելիս՝ փորձում են հրաժարվել այս մոտեցումից, երբ երրորդ  և հաջորդ երեխաների ծնվելու համար ավելի մեծ չափով միանվագ աջակցություն է տրամադրվում»,- մանրամասնել է նախարարը։

Արսեն Թորոսյանը հիշեցրել է, որ 2021 թվականին կառավարությունը որոշում էր կայացրել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում այդ երեխաներին ամսական 50 հազար դրամի չափով նպաստ հատկացնել՝ մինչև 6 տարեկան դառնալը։ Ծրագիրը ժամանակավոր էր, ժամկետն ավարտվելու է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Թորոսյանն ասել է, որ որոշում են կայացրել աջակցության այս ծրագիրը դարձնել մշտական։

«Տեսեք, սա մշտական աջակցություն է՝ ամեն ամիս կատարվող վճարով, որը ծախսվում է ընտանիքի, այդ թվում՝ երեխայի կարիքները հոգալու համար։ Այս աջակցությունը գումարային 6 տարում 3.6 միլիոն դրամ է կազմում, այսինքն՝ մենք 6 տարում 3.6 միլիոն դրամ ենք տալիս երրորդ և ամեն հաջորդ ծնվող երեխայի համար՝ չհաշված միանվագ 500 հազար դրամը։ Քանի որ մեզ համար ամենակարևորը հենց երրորդ երեխան է, որովհետև  երրորդ երեխայից է սկսվում բնական աճը վերարտադրողական տարիքի կանանց հաշվարկով, մենք տալիս ենք 3.6 միլիոն դրամ, բայց այդ գումարը տալիս ենք ամսական 50 հազար դրամով։ Դեմոգրաֆիական ծրագրեր անող շատ երկրներ հենց այդպես են վարվում։ Ինչ-որ մի փուլում կանդրադառնանք նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստներին, բայց որպեսզի փոփոխությունները շատ կտրուկ և լայնածավալ չլինեն, դա կանենք փուլային, միգուցե, արդեն մոտակա տարիներին»,- նշել է Թորոսյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն