Վարչապետը «նախկին-ներկա» բանավեճերի, քննարկումների տրամաբանությունից դուրս գալու անհրաժեշտություն է տեսնում | armenpress.am

armenpress.am:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ պետք է դուրս գալ «նախկին-ներկա» բանավեճերի, քննարկումների տրամաբանությունից  և  հաստատել քաղաքական կյանքի նորմալ կանոններ:

Փաշինյանն այդ մասին ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը՝ նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք Հայաստանն առաջնորդել ու տարել են դեպի թակարդ ու պահել են թակարդում, ընտրությունների արդյունքում պետք է դուրս մղվեն և այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան: Սա իմ կարծիքն է, և ես համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ մարդկանց հետ շփվում է, գիտի, որ մարդիկ արդեն զզվել են այդ «նախկին-ներկա» բանավեճերից, քննարկումներից: Այդ խոսակցությունները հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից:

«Նաև կուսակցության ֆորմատով ենք քննարկում ունենում, որ մենք պետք է, այնուամենայնիվ, արդեն դուրս գանք այս տրամաբանությունից, և քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն Հայաստանում, որտեղ հայհոյախոսությունն ընդհանրապես տեղ չունի՝ առավել ևս քաղաքական քննարկումների բովանդակության մեջ»,-նշեց նա:

Փաշինյանը նկատեց՝ իրեն ևս կարող են մեղադրել դրանով զբաղվելու մեջ: «Ճիշտ կասեք: Դրա համար ես կիրակի օրերին գնում ու խորանի առաջ ծնկի եմ գալիս ու իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»,-ասաց վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն