Մենք առողջապահության ապահովագրության շրջանակներում ավելի հստակեցրել ենք՝ նաև ռեզիդենտության պայմանը դնելով, որ պիտի 183 օր Հայաստանում ապրեն, որպեսզի այս համակարգ ներառվեն, դա վերաբերում է ինչպես 65 պլյուսին, այնպես էլ մինչև 18 տարեկաններին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20–ին, կառավարության նիստում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հաելելով, որ պետք է այնպես անել, որ այդ միջոցներն ուղղվեն ոչ թե սոսկ ՀՀ քաղաքացի հանդիսացող, այլև Հայաստանում բնակվող երեխաներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ դրսում ծնված ՀՀ քաղաքացի ծնողներ ունեցող երեխաները կարող են տարին մեկ անգամ գալ, ասենք, Վարդավառին, և դրանով ապահովել, որ ստանան ծննդյան միանվագ և ամսական 50–հազարական դրամները, սակայն այդպես էլ ՀՀ քաղաքացիություն չունենալ։
«Այո, դա արվում է բանակ չգնալու համար, ինչը ընդունելի չէ։ Այսինքն հիմա եթե երեխեքը Հայաստանում են, պարզապես պետք է սահմանված կարգով գրանցվեն, դե յուրե իրենք պետք է լինեն Հայաստանում, բայց դե ֆակտոն էլ է կարևոր։ Մարդը ապրո՞ւմ է Հայաստանում, թե՞ չի ապրում Հայաստանում, սա շատ կարևոր հանգամանք է
Թոշակի պարագան մի քիչ ուրիշ է, որովհետև մարդը աշխատել է, դա իր աշխատած գումարն է, և ինքը կարող է այդ գումարը տնօրինել որտեղ ուզում է լինի։ Այն, ինչը մարդու ստաժի հետ է կապված, դա անձեռնմխելի է։ Իսկ մնացած դեպքերում մարդը պետք է կապված լինի Հայաստանի հետ և մարդու կյանքի կենտրոնը պետք է լինի Հայաստանը։ Մենք ուզում ենք, որ մարդիկ հնարավորինս շատ ճամփորդեն, հնարավորինս շատ տարբեր տեղեր գնան, բայց մենք չենք ուզում, որ մարդիկ Հայաստանից գնան և մենք Հայաստանից գնալը խրախուսենք»,–ասաց նա։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն էլ նշեց. «Իրականում ինչ թեմա էլ որ քննարկենք շատ կարևոր է պետության դիրքերից հասկանալ, թե մենք քաղաքացիության ինստիտուտին ոնց ենք վերաբերում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս պահի դրությամբ մենք հիմնովին վերանայում ենք ոլորտը, մինչև տարեվերջ պատրաստ կլինի միգրացիոն ոլորտի կառավարման ռազմավարական կոնցեպտը ու այնտեղ մի առանձին բաժին նվիրված է հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանը, որովհետև տարիներ շարունակ ձևախեղել ենք տարբեր մոտեցումներ, մի դեպքում մարդակենտրոնության հետևից գնալով քաղաքացիության ինստիտուտն ենք ստորադասել, մյուս դեպքում ավելի շատ ինստիտուտին ենք դեր ու նշանակություն տվել, քան մարդու որոշակի կարիքներին։ Մինչև տարեվերջ մենք պատրաստ կլինենք ավելի մեծ կազմով քննարկման, որպեսզի ներկայացնենք մոտեցումները, որովհետև ինչ մոտեցում, որ որդեգրեցինք, մնացյալ բոլոր ոլորտներում մեր մոտեցումները կկարողանանք ավելի ճիշտ ու սինխրոն կազմակերպել»։