Nvidia-ի չիպերը ՀՀ արտահանելու ԱՄՆ որոշումը քաղաքական շատ լուրջ ազդակ է. Կոստանյան | armenpress.am

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը գերհամակարգչի կառուցման համար Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության որոշումը քաղաքական շատ լուրջ ազդակ է համարում։

«Վերջին զարգացումը, որի մասին այսօր արդեն հրապարակային հայտարարվեց, Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության որոշման մասին է, որը քաղաքական շատ լուրջ ազդակ է։ Իրականում ԱՄՆ-ն բավականին մեծ հերթ ունի նման թույլտվություններ տալու, և հսկայական հերթի մեջ Հայաստանին առաջնահերթություն տալը խոսում է նրա մասին, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններն իրապես ռազմավարական բնույթ են կրում»,- լրագրողների հետ զրույցում շեշտեց ԱԳ նախարարի տեղակալը։

Վահան Կոստանյանը նաև հավելեց, որ այս պահին Հայաստանն ու ԱՄՆ-ն աշխատանքային բնույթի բանակցություններ են վարում Հայաստանի տարածքում ստեղծվելիք «Թրամփի ուղի» նախագծի իրագործման շուրջ։

«Այս պահին կողմերն աշխատանքային կարգով փոխանակվում են մեկնաբանություններով։ Արդեն իսկ կա որոշակի ընկալում, բայց քանի դեռ չունենք վերջնական համաձայնեցված փաստաթուղթ, ավելին կդժվարանամ ասել»,-ասաց Կոստանյանը։

Արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebird ստարտափը ստացել է Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը: Դա թույլ կտա կյանքի կոչել Հայաստանում գերհամակարգչի ստեղծման նախագիծը, որը արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության մասն է:

Ջանքերը, որոնց մասին Nvidia-ն հայտարարել էր դեռ հունիսին, թույլ կտան ստեղծել տարածաշրջանում ԱԲ տվյալների մշակման առաջին խոշորամասշտաբ կենտրոնը: 100 մեգավատ հզորությամբ օբյեկտը, որի սկզբնական ներդրումների ծավալը կկազմի 500 մլն ԱՄՆ դոլար, օգտագործելու է Dell Technologies ընկերության ԱԲ սերվերներ ու Nvidia-ի Blackwell պրոցեսորներ: Առաջին փուլի մեկնարկը նախատեսված է հաջորդ տարվա երկրորդ եռամսյակին: 

Firebird-ի հզորությունների մոտ 20 տոկոսն օգտագործելու են հայաստանյան ընկերությունները, մնացած 80 տոկոսը կվաճառվեն տարածաշրջանում բիզնես վարող ամերիկյան ընկերություններին: Առաջին փուլը ֆինանսավորելու է Firebird-ի ներգրաված փոխառված միջոցների ու բաժնետիրական կապիտալի հաշվին: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն