armenpress.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ հայկական կողմն ամեն ինչ անում է Վրաստանի հետ հարաբերությունների խորացմանը նպաստելու համար։
Ինչպես հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը, ՀՀ նախագահը նշել է, որ Վրաստանն ու Հայաստանը ցանկանում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն լինի։
«Շատ շնորհակալ եմ Վրաստանի կառավարությանը ջերմ ընդունելության համար։ Ես ժամանեցի երեկ, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ միշտ այստեղ եմ եղել։ Սա պայմանավորված է մեզ ցուցաբերված ուշադրությամբ և մեր այցի համար ստեղծված միջավայրով։
Վստահ եմ, որ դա նաև մեր երկրների վարչապետների անձնական հարաբերությունների, հուսալի գործընկերության շնորհիվ է, որը ամրապնդում է մեր կապերը։ Նման բարձր մակարդակի հանդիպումները նոր հնարավորություններ են ստեղծում երկու կողմերի համար։ Մեր ընդհանուր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է, ինչպես նաև ներքին քաղաքական կայունությունը»,- ասել է ՀՀ նախագահը՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների ժողովուրդները կգնահատեն Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ջանքերը, որոնք ուղղված են երկրների ինքնիշխանության և անկախության պահպանմանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիում հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի և խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլիի հետ։