armenpress.am: Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են քաղաքական և տնտեսական ուղղություններով։
Ինչպես հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը, Թբիլիսիում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն այդ մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեն ընդգծել է, որ երկու երկրների կառավարությունների միջև սերտ համագործակցությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում դրական դինամիկան ստեղծում են ամուր հիմք հետագա գործընկերության համար։
«Մենք ուրախ ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Բարձր մակարդակի հաճախակի այցելությունները դրա ևս մեկ ապացույցն են։ Շնորհակալություն Վրաստան այցելելու համար. Ձեր անձնական աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Մեր հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական։ Մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հայաստանի կառավարության հետ, և վստահ ենք, որ այս տեմպերով և դինամիկայով մենք զգալի հաջողությունների կհասնենք մեր հարաբերությունների հետագա զարգացման գործում», – ասել է Կոբախիձեն։