Դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ևս 17 անձանց գործով երեկ կայացած հերթական նիստում Կարո Օկումուշյանի խափանման միջոց կալանքը վերացվեց՝ փոխարինվելով տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1,5 մլն դրամ գրավով։ Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց, նշանակվեց վարչական վերահսկողություն և բացակայելու արգելք։
«Հետք»-ի փոխանցմամբ՝ մեղադրյալներ Լիդյա Մանթաշյանի և Մովսես Շարբաթյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Հանրային մեղադրողների կարծիքով՝ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալների պատշաճ վարքագիծը։
Մանթաշյանը դատարանում հայտարարեց՝ այնպիսի տպավորություն է, որ ամբողջ քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձն ինքն է։
«Ուզում եմ ֆիքսենք, որ սա պատժի ձև է, ես գիտեմ՝ ինձ ինչի համար են պատժում։ Որոշ պաշտոնյաների վերաբերյալ իմ միջոցով ինֆորմացիաներ են հայտնի դարձել, և իրենք նեղվել են դրանից։ Իրենք կարող էին գործ հարուցել որպես զրպարտություն, բայց քանի որ դա զրպարտություն չի եղել, էս գործի մեջ են խցկել, մտածում են՝ եթե մեղադրական եզրակացության մեջ գրեցին Լիդյան Բագրատ Սրբազանի օգնականն ա, Լիդյան դարձավ Բագրատ Սրբազանի օգնականը, չէ, չնայած իմ համար մեծ պատիվ է, որ ես լինեմ Բագրատ Սրբազանի օգնականը։ Ես էս ամբողջ պայքարի ընթացքում լրատվությամբ եմ զբաղվել, դա հայտնի փաստ է։ Ինձ համար ամենացավալին այն է, որ ինչ-որ մարդիկ մոտենում են, ասում՝ դատարանը թույլտվություն չի ստացել քեզ ազատ արձակելու։ Ցավում եմ էն վիճակի համար, որի մեջ գտնվում է հիմա իմ պետությունը։ Ցավում եմ, որ որոշում կայացնելու մեջ մարդիկ անկախ չեն»,- ասաց նա։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 27-ին։
Լուսանկարը՝ «Հետք»