armenpress.am: Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հերքել է լրատվամիջոցներում հրապարակված այն հաղորդագրությունները, թե ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին ուղղված ամերիկյան ծրագիրը մեծ զիջումներ է պահանջում Ուկրաինայից և շատ բան չի պահանջում Ռուսաստանից։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում, որից հատված է տարածել Sky News-ը։
Լևիթը շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփումներ է ունեցել ինչպես իր ուկրաինացի, այնպես էլ ռուս գործընկերոջ հետ։ ԱՄՆ վարչակազմի անդամները ևս վերջին շրջանում շփումներ են ունեցել երկու կողմերի հետ։
Քերոլայն Լևիթը հերքել է նաև այն պնդումները, որ ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկները մշակել է Ռուսաստանի հետ միասին։ Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը վերջին ամսվա ընթացքում «հանգիստ աշխատել են» խաղաղության ծրագրի վրա՝ հավասարապես համագործակցելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ՝ հասկանալու, թե «ինչի են պատրաստ այս երկրները կայուն և տևական խաղաղության հասնելու համար»։
«Սա լավ ծրագիր է թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի համար, և կարծում ենք, որ դա պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար։ Եվ մենք ջանադրաբար աշխատում ենք այն իրագործելու համար», – նշել է նա։
Օրերս արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ իրենց աղբյուրներին հղումով գրել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը 28 կետից բաղկացած ծրագիր է մշակել, որի համաձայն Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից՝ Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային և Եվրոպային անվտանգության երաշխիքների տրամադրման դիմաց: Ըստ լրատվամիջոցների աղբյուրների՝ Վաշինգտոնը, ի թիվս այլ զիջումների, Կիևին առաջարկում է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։
Հիշեցնենք, որ Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի խաղաղության ծրագիրը: Այն ներառում է տարածքային զիջումներ Ուկրաինայի կողմից, մասնավորապես՝ Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը ճանաչվում են դե ֆակտո ռուսական, Խերսոնում և Զապորոժյեում տեղիէ ունենում սառեցում շփման գծի երկայնքով: Ռազմական առումով հստակեցվում է, որ ՆԱՏՕ-ն ուժեր չի տեղակայում Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի կործանիչները տեղակայվում են Լեհաստանում, Ուկրաինան ամրագրում է, որ չի միանալու ՆԱՏՕ-ին, այս դրույթը հաստատում է նաև ՆԱՏՕ-ն:
Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը հայտարարել է, որ ստացել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի նախագիծը և պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ դրա շուրջ: «Ուկրաինային խաղաղություն է պետք… Արժանապատիվ խաղաղություն, որպեսզի մեր անկախության, մեր ինքնիշխանության և ուկրաինացի ժողովրդի արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա լինեն պայմանները»,- ասել է Զելենսկին:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտնել է, թե Ուկրաինան և Ռուսաստանը պետք է համաձայնեն «դժվար, բայց անհրաժեշտ» զիջումների՝ խաղաղության հասնելու համար:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալլասն էլ նշել է, որ աջակցում են Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանը, սակայն, որպեսզի խաղաղության որևէ ծրագիր արդյունավետ լինի, Ուկրաինան և Եվրոպան պետք է լինեն դրա անբաժանելի մասը: