Հետաքրքրված ենք մասնակցելու Խաղաղության և բարգավաճման միջազգային «Թրամփի ուղի» նախագծին | armenpress.am

armenpress.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ իր երկիրը հետաքրքրված է մասնակցել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին: Տոկաևն այս հայտարարությամբ է հանդես եկել Աստանայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո լրատվամիջոցների համար արված ելույթում։

Տոկաևը բարձր գնահատեց հանդիպման արդյունքները՝ նշելով, որ քննարկումներն ընդգրկել են տնտեսական, ներդրումային և ոլորտային համագործակցության լայն շրջանակ։

«Մենք առանձնահատուկ կարևորություն տվեցինք փոխադարձ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հարցերին։ Պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել, որպեսզի ընդլայնվի առևտրաշրջանառությունն ու ապրանքացանկը։ Անցած տարի միայն ղազախական արտահանումը Հայաստան գերազանցել է 350 միլիոն դոլարը»,- նշեց Ղազախստանի նախագահը։

Նրա խոսքով՝ կողմերը նպատակ ունեն իրականացնել համատեղ ներդրումային ծրագրեր և զարգացնել կապերը բիզնես համայնքների միջև։

Տոկաևն ընդգծեց նաև տրանսպորտային ու տրանզիտային հնարավորությունների կարևորությունը։ «Նոր աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում հնարավորություն է ստեղծում ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը։ Ղազախստանն աջակցում է Հայաստանի նախաձեռնությանը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ին»,- ասաց Տոկաևը։

Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ երկիրը հետաքրքրված է նաև մասնակցելու TRIPP միջազգային նախագծին։

«Մենք ընդգծում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցել TRIPP՝ Խաղաղության և բարգավաճման միջազգային «Թրամփի ուղի» նախագծին։ Այսպիսի նախաձեռնությունները, ինչպես Հյուսիս-հարավը և Միջին միջանցքը, համապատասխանում են երկու երկրների շահերին»,-  շեշտեց նա։

Տոկաևի խոսքով՝ այս համագործակցությունը կարող է բացել մեծ հնարավորություններ երկու երկրների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն