Այցի առանցքային արդյունքը մեր հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերություն. վարչապետը՝ Ղազախստանում | 1lurer.am

1lurer.am Այցի առանցքային արդյունքը մեր հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերություն: Կարծում եմ՝ այս հենքի վրա նոր լիցք կհաղորդենք մեր հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով: Այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ընդլայնման կազմով հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այսօր Ղազախստանի նախագահի հետ քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման հիմնական ուղղությունները:

«Կարծում եմ, որ նաև տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար: Նոր տրանսպորտային հնարավորություններ են բացվում, և դրանք պետք է լրջորեն ուսումնասիրել, որովհետև, կարծում եմ, դրա արդյունքում ի հայտ կգան այնպիսի հնարավորություններ, որոնք, գուցե, առաջին հայացքից տեսանելի չեն»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ այդ առումով միջկառավարական հանձնաժողովի գործընկերները շատ կարևոր և նոր օրակարգ են ստանում:

«Համոզված եմ, որ առաջիկայում այդ օրակարգի շուրջ աշխատանքը կակտիվանա, արդեն իսկ քննարկում ենք,  այդ թվում գործարար կապերի ակտիվացում առաջիկայում կունենանք, որպեսզի ներդրումային ակտիվությանը նոր լիցք հաղորդենք»,- ընդգծեց վարչապետը:

Ավելի վաղ տեղի էր ունեցել վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական փողոցներից մեկը անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվամբ:

Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն