ԵՄ-ն կորցրել է իրականության զգացումը. Հունգարիայի վարչապետ | azatutyun.am

azatutyun.am «Բրյուսելում կրկին կորցրել են տեղի ունեցողի թելը»,- այսօր X-ի իր օգտահաշվում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեկնաբանելով Ուկրաինայում խաղաղություն հաստատելուն ուղղված ամերիկյան ծրագրի վերաբերյալ ԵՄ ղեկավարների առաջին արձագանքները։

«Մինչ Վաշինգտոնը խաղաղության շուրջ բանակցություններ է վարում, Եվրահանձնաժողովի նախագահը փորձում է հասկանալ թե ինչպես կարելի է հավելյալ գումարներ հայթայթել Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար»,- նշել է Հունգարիայի վարչապետը։

Օրբանը նաև կանխատեսել է, որ առաջիկա մի քանի շաբաթները «որոշիչ կլինեն Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագրի համար»։

Հիշեցնենք, որ Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի խաղաղության ծրագիրը: Այն ներառում է տարածքային զիջումներ Ուկրաինայի կողմից, մասնավորապես՝ Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը ճանաչվում են դե ֆակտո ռուսական, Խերսոնում և Զապորոժյեում տեղիէ ունենում սառեցում շփման գծի երկայնքով: Ռազմական առումով հստակեցվում է, որ ՆԱՏՕ-ն ուժեր չի տեղակայում Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի կործանիչները տեղակայվում են Լեհաստանում, Ուկրաինան ամրագրում է, որ չի միանալու ՆԱՏՕ-ին, այս դրույթը հաստատում է նաև ՆԱՏՕ-ն:

Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը հայտարարել է, որ ստացել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի նախագիծը և պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ դրա շուրջ: «Ուկրաինային խաղաղություն է պետք… Արժանապատիվ խաղաղություն, որպեսզի մեր անկախության, մեր ինքնիշխանության և ուկրաինացի ժողովրդի արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա լինեն պայմանները»,- ասել է Զելենսկին:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտնել է, թե Ուկրաինան և Ռուսաստանը պետք է համաձայնեն «դժվար, բայց անհրաժեշտ» զիջումների՝ խաղաղության հասնելու համար:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալլասն էլ նշել է, որ աջակցում են Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանը, սակայն, որպեսզի խաղաղության որևէ ծրագիր արդյունավետ լինի, Ուկրաինան և Եվրոպան պետք է լինեն դրա անբաժանելի մասը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն