Փաշինյանն ու Տոկաևը համատեղ հայտարարություն են ստորագրել ռազմավարական գործընկերություն հաստատելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Աստանայում ստորագրել են համատեղ հայտարարություն:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հրապարակել է հայտարարության ամբողջական տեքստը.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով 2025 թվականի նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվել է Ղազախստանի Հանրապետությունում։

Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ղազախստանի Հանրապետության նախագահը`

  • գոհունակությամբ գնահատելով Հայաստան-Ղազախստան հարաբերությունները՝ մինչև ռազմավարական գործընկերության մակարդակը զարգանալու հեռանկարները,
  • հենվելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պատմական կապերի, երկու երկրների ժողովուրդների բարեկամության և փոխգործակցության ամուր կապերի վրա,
  • հիմնվելով «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության ու համագործակցության մասին» 1999 թվականի սեպտեմբերի 2-ի պայմանագրի դրույթներին անփոփոխ հավատարմության վրա,
  • առաջնորդվելով 1945 թվականի հոկտեմբերի 24-ի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով,
  • համոզված լինելով, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բազմաճյուղ գործընկերության վրա հիմնված միջպետական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին,
  • ընդգծելով հետագա սերտ համագործակցության կարևորությունը տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում և միջազգային ասպարեզում, ընդհանուր առմամբ՝
  • ձգտելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացմանն ու կատարելագործմանը,

հայտարարում են հետևյալի մասին.

1. Հայաստանի Հանրապետությունն ու Ղազախստանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) պայմանավորվել են հաստատել ռազմավարական գործընկերություն, որը հիմնված կլինի փոխադարձ վստահության բարձր մակարդակի, ինքնիշխան հավասարության և փոխշահավետության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա:

2. Կողմերը դրական են գնահատում 2024 թվականի ապրիլի 14-15-ին Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։

3. Կողմերը երկկողմ հիմքով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում կընդլայնեն կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը ի շահ երկու երկրների բարգավաճման և զարգացման, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման ու ամրապնդման:

4. Կողմերը կշարունակեն ջանքեր գործադրել ի նպաստ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործընկերությունն առաջմղելու և Անկախ Պետությունների Համագործակցությունը ժամանակակից իրողություններին հարմարեցնելու:

5. Կողմերը, հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում երկու պետությունների շահագրգռվածությունը, կշարունակեն պաշտպանության ոլորտում համագործակցությունը փոխգործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:

6. Կողմերը հանդես են գալիս հօգուտ բոլոր հակամարտությունների բացառապես խաղաղ միջոցներով հնարավորինս արագ կարգավորման՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ու Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության դրույթների վրա:

7. Կողմերը ընդգծում են Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարների՝ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի, ինչպես նաև «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման կարևորությունը։ Ողջունում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդման առաջնահերթությունը։

8. Կողմերը գոհունակությամբ նշում են՝ խոշոր տրանսպորտային նախաձեռնությունների առաջմղմանն ուղղված ջանքերը և տրանսպորտային ու տարանցման ոլորտներում համագործակցության բարձր ներուժի առկայությունը, շահագրգռվածություն են հայտնում Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը միացնող երթուղիների զարգացմանը համատեղ մասնակցության հարցում, ընդգծում են դրանց անխափան գործունեության կարևորությունը՝ ինքնիշխանության և իրավահավասարության սկզբունքներին համապատասխան, հաշվի առնելով Կողմերի իրավազորություններն ու օրենսդրությունները, միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի դրույթները։

9. Ղազախստանի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը միտված է բոլոր երկրների միջև փոխշահավետ տրանսպորտային համագործակցության զարգացմանը։

10. Կողմերը կարևորում են Ղազախստան-Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան և Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան բազմամոդալ լոգիստիկ երթուղիների զարգացումը՝ որպես եվրասիական տարածության մեջ փոխկապակցվածության ամրապնդման, տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների բազմազանեցման կարևոր ուղղություններ, որոնք կնպաստեն տնտեսական ինտեգրման խորացմանն ու մատակարարման շղթաների կայունությանը։

11. Կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնում գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման և վերամշակման ոլորտում նախագծերի զարգացման հարցում։

12. Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ղազախստանի Հանրապետության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանով Հայաստան հացահատիկի մատակարարման կազմակերպմանը, ինչը նպաստում է պարենային անվտանգության ամրապնդմանը և տնտեսական համագործակցության գործնական իրագործմանը։

13. Կողմերը կարևորում են երկու երկրների մայրաքաղաքների և այլ քաղաքների միջև կանոնավոր ուղիղ ավիահաղորդակցության հնարավորինս արագ հաստատումը։

14. Կողմերն առանձնակի գոհունակությամբ են արձանագրում երկու երկրների դեսպանատների կառուցման նպատակով հողատարածքների փոխանակման հարցում ձեռք բերված փոխըմբռնումն ու համաձայնությունը, ինչը վկայում է փոխադարձ վստահության բարձր մակարդակի և երկկողմ հարաբերություններն ամրապնդելու ձգտման մասին։

15. Կողմերը ողջունում են հայկական ընկերությունների գործունեությունը «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնում և պատրաստակամություն են հայտնում համագործակցության հետագա ամրապնդման հարցում։

16. Կողմերն ընդգծում են «Խորգոս» մերձսահմանային համագործակցության միջազգային կենտրոնի («Խորգոս» ՄՀՄԿ) կարևոր դերը միջազգային լոգիստիկ շղթաներում և ողջունում են «Խորգոս» ՄՀՄԿ-ի տարածքում հայկական առևտրային ցանցերի մասնակցությունը։

17. Կողմերը ողջունում են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության զարգացումը։

18. Կողմերը գոհունակությամբ են արձանագրում 2024 թվականին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի օրերի և 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի մշակույթի օրերի հաջող անցկացումը։ Բարձր են գնահատում Երևան քաղաքում Աբայ Կունանբաևի անվան զբոսայգու բացումը և Աստանա քաղաքի փողոցներից մեկը Մեսրոպ Մաշտոցի անվամբ անվանակոչելը՝ համարելով այս իրադարձությունները երկու ժողովուրդների պատմամշակութային կապերի ամրապնդման վառ խորհրդանիշներ։

19. Կողմերը դրական են գնահատում Երևանի պետական համալսարանի՝ Աբայ Կունանբաևի անվան ղազախական լեզվի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնի և Լ.Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում հայոց լեզվի, պատմության և մշակույթի համար մշակութային հարթակի գործունեությունը:

20. Կողմերը ողջունում են հայկական կողմի մասնակցությունը Ղազախստանի միջազգային զարգացման գործակալության «KazAID»-ի սեմինարներին։

21.  Կողմերը լի են վճռականությամբ՝ կյանքի կոչելու Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին 1999 թվականի սեպտեմբերի 2-ի պայմանագրի սկզբունքներն ու դրույթները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների ներկա և ապագա սերունդների համատեղ բարգավաճման և ամուր բարեկամության:

22. Այդ նպատակով Կողմերը մտադիր են՝

  • կանոնավոր շփումներ պահպանել բարձրագույն և բարձր մակարդակներում, խորացնել գործնական միջգերատեսչական փոխգործակցությունը՝ փոխշահավետ համագործակցության ամրապնդման նպատակով.
  • զարգացնել երկկողմ համագործակցությունը տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ահաբեկչությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, անդրսահմանային կազմակերպված հանցավորությանը, ժամանակակից այլ մարտահրավերների և սպառնալիքների հակազդման ոլորտներում՝ այն միջազգային պայմանագրերի հիման վրա, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը: Այդ նպատակով Կողմերը կխորացնեն երկու պետությունների անվտանգության խորհուրդների, պաշտպանական, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների գծով փոխգործակցությունը.
  • առանձնահատուկ կարևորություն տալ միջազգային տարբեր հարթակներում միջխորհրդարանական համագործակցության խմբերի գործունեությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության խորհրդարանների փոխգործակցությանը.
  • առաջնահերթ ուշադրություն դարձնել փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, վառելիքաէներգետիկ ոլորտի, տրանսպորտի և հաղորդակցության, նորարարությունների և տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, լեռնամետաղագործության և վերամշակման բնագավառներում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը.
  • տարեկան հիմունքներով անցկացնել Հայաստան-Ղազախստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի  նիստեր․
  • տարեկան հիմունքներով անցկացնել Հայաստան-Ղազախստան գործարար խորհրդի նիստեր․
  • ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև 2026-2030 թվականների առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացման համար,
  • ակտիվացնել համագործակցությունը ընդերքօգտագործման բնագավառում՝ հանքարդյունաբերության ոլորտում փոխադարձ ներդրումների, երկու երկրների հանքարդյունաբերական ընկերությունների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման միջոցով.
  • նպաստել Հայաստանի Հանրապետության մարզերի և Ղազախստանի Հանրապետության մարզերի միջև առևտրաարդյունաբերական և մշակութային-հումանիտար ոլորտներում միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը, խթանել տնտեսավարող և այլ սուբյեկտների «հորիզոնական» ուղիղ կապերը.
  • ընդլայնել փոխշահավետ համագործակցությունն և տեղեկատվության փոխանակումը բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և թվայնացման ոլորտներում, այդ թվում՝ արհեստական բանականության ստեղծման, կարգավորման և կիրառման հարցում.
  • աջակցել «Alem.ai» արհեստական բանականության միջազգային կենտրոնի տարածքում «ԹՈՒՄՈ Աստանա» ստեղծարար տեխնոլոգիաների հայկական կրթական կենտրոնի աշխատանքներին, այդ թվում տեխնոլոգիական փոխանակման և համագործակցության համար․
  • խթանել մշակութային-հումանիտար կապերի զարգացմանը, այդ թվում՝ երկու երկրների տարածքներում բնակվող էթնիկ խմբերի լեզվական, մշակութային և կրոնական ինքնության խթանման միջոցով,ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին, պահպանել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ժողովուրդների ավանդույթների, սովորույթների և հոգևոր արժեքների նկատմամբ հետաքրքրությունը․
  • աջակցել երկու երկրների մշակույթն ու պատմությունն արտացոլող համատեղ երաժշտական, պարային և ցուցահանդեսային միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև միջմշակութային փոխանակումների առաջխաղացման նպատակով մշակույթի և սպորտի հայտնի գործիչների, երիտասարդության ներկայացուցիչների մասնակցությամբ այլ միջոցառումների կազմակերպմանը․
  • ակտիվացնել համագործակցությունը յուրաքանչյուր կողմի զբոսաշրջային ներուժի առաջխաղացման ուղղությամբ, իրականացնել ակտիվ փորձի և տեղեկատվության փոխանակում զբոսաշրջության կառավարման քաղաքականության ոլորտում․
  • ակտիվացնել կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը, դիտարկել կողմերից յուրաքանչյուրի ուսանողներին դրամաշնորհների տրամադրման հնարավորությունը՝ ըստ կողմերի հնարավորությունների ու պահանջների, ինչպես նաև ուսուցման ուղղությունների, խրախուսել փոխանակումների ընդլայնումը՝ ներառյալ ուսանողների, դասախոսների և հետազոտողների ակադեմիական շարժունակությունը․
  • շարունակել Հայաստանի թանգարաններում պահվող հայատառ ղփչաղալեզու ձեռագրերի ուսումնասիրության աշխատանքը․
  • ընդլայնել համագործակցությունը առողջապահության և դեղագործության ոլորտներում, բժշկական կադրերի նախապատրաստման, ուսումնական, մեթոդական և գիտահետազոտական գործունեության, բժշկական կադրերի որակավորման բարձրացման, ինչպես նաև IT-տեխնոլոգիաների, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ներդրման հարցերում փորձի փոխանակման ոլորտներում․
  • կազմակերպել 2026 թվականին Հայաստանում ղազախական բժշկության օրեր և 2027 թվականին՝ Ղազախստանում հայկական բժշկության օրեր:

23. Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ղազախստանի Հանրապետության նախագահը համոզված են, որ երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ներկա փուլը միջպետական փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման լայն հեռանկար է բացում՝ ի շահ ազգային տնտեսության և մշակույթի համակողմանի զարգացման, ամուր խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման:

24. Կողմերը համոզմունք են արտահայտել, որ պաշտոնական այցի ընթացքում կայացած բանակցությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը, ինչպես նաև ընդգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և ձեռք բերված համաձայնությունների իրագործման վճռորոշ դերը հարաբերությունների հետագա առաջխաղացման համար:

25. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և ամբողջ ղազախ ժողովրդին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն