azatutyun.am: Խաղաղության ամերիկյան ծրագիրը «մենք դեռ պաշտոնապես չենք ստացել»:
Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ քանի դեռ ամերիկացիների հեղինակած ծրագիրը պաշտոնապես չի փոխանցվել ռուսական իշխանություններին, «առարկայական քննարկումներ չեն կարող լինել»։
«Ռուսաստանը շարունակում է մնալ այն քննարկումների հարթակի վրա, որոնք կայացել էին Անքորիջում։ Մենք տեղյակ ենք հնարավոր մոդիֆիկացիաների և հավանության արժանացած ձևակերպումների մասին, որոշ բաների մասին էլ տեղեկանում ենք մամուլից»,- ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի խաղաղության ծրագիրը: Այն ներառում է տարածքային զիջումներ Ուկրաինայի կողմից, մասնավորապես՝ Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը ճանաչվում են դե ֆակտո ռուսական, Խերսոնում և Զապորոժյեում տեղիէ ունենում սառեցում շփման գծի երկայնքով: Ռազմական առումով հստակեցվում է, որ ՆԱՏՕ-ն ուժեր չի տեղակայում Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի կործանիչները տեղակայվում են Լեհաստանում, Ուկրաինան ամրագրում է, որ չի միանալու ՆԱՏՕ-ին, այս դրույթը հաստատում է նաև ՆԱՏՕ-ն:
Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը հայտարարել է, որ ստացել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի նախագիծը և պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ դրա շուրջ: «Ուկրաինային խաղաղություն է պետք… Արժանապատիվ խաղաղություն, որպեսզի մեր անկախության, մեր ինքնիշխանության և ուկրաինացի ժողովրդի արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա լինեն պայմանները»,- ասել է Զելենսկին:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտնել է, թե Ուկրաինան և Ռուսաստանը պետք է համաձայնեն «դժվար, բայց անհրաժեշտ» զիջումների՝ խաղաղության հասնելու համար:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալլասն էլ նշել է, որ աջակցում են Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանը, սակայն, որպեսզի խաղաղության որևէ ծրագիր արդյունավետ լինի, Ուկրաինան և Եվրոպան պետք է լինեն դրա անբաժանելի մասը: